2015 թվականի մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ
նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության
կանխարգելման վերաբերյալ բանաձևը (“Prevention of genocide”): Ինչպես տեղեկացնում
է ՀՀ ԱՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, Հայաստանին են միացան և բանաձևը
համահեղինակեցին վաթսունչորս պետություն, որոնք ներկայացնում են Մարդու
իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: Բանաձևը համահեղինակելու
համար բաց կմնա դեռևս երկու շաբաթ:
Բանաձևը վերահաստատում
է, որ ցեղասպանության և մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունը
խրախուսում է նման հանցագործությունների կրկնությունը և լուրջ խոչընդոտ է
հանդիսանում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ
ժողովուրդների համգործակցության համար և ընդգծում է անպատժելիության դեմ պայքարըª
որպես կանխարգելման կարևոր գործիք:
Հայաստանի
նախաձեռնած բանաձևում ընդգծվում է, որ ցեղասպանության հանցագործության ժխտման և
արդարացման փորձերը վտանգում են անպատժելիության դեմ պայքարը, խոչընդոտում են
ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերին:
Բանաձևում
վերահաստատվում է Համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմների կարևորությունը`
հրավիրելով պետություններին իրենց ազգային զեկույցներում ներկայացնելու
տեղեկատվություն ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների
կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:
Բանաձևը կոչ է
անում ՄԱԿ-ի անդամ երկրներինª ցեղասպանությունների կանխարգելման նպատակով
ամրապնդել համագործակցությունը գործող մեխանիզմենրի շրջանակներում,
ցեղասպանությունների վերաճելու հավանականություն ունեցող մարդու իրավունքների
զանգվածային, լուրջ և պարբերական խախտումները կանխելու նպատակով:
Փաստաթուղթն
ընգծում է կրթության կարևորությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում և
կոչ է անում անդամ երկրների կառավարություններին համապատսպան կրթական ծրագրերի
միջոցով նպաստել ցեղասպանությունների իրազեկմանը և դրանց միջոցով կանխարգելմանը:
Որպես կանխարգելիչ
միջոցառում բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարություններին
սահմանել անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի ազգային օրեր` որպեսզի
նման հանցագործությունները երբեք չմոռացվեն և բոլորը հնարավորություն ունենան
անցյալի դասերի հիման վրա նպաստել առավել ապահով ապագայի կերտմանը:
Բանաձևով Մարդու
իրավունքների խորհուրդն առաջարկում է ՄԱԿ լխավոր Ասամբլեային դեկտեմբերի 9-ըª
Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի
ընդունման օրը, սահմանել ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր:
Բանաձևի համաձայն,
նախատեսվում է նաև ցեղասպանության կանխարգելման հարցերով համակարգողների
համաշխարհային ցանցի ստեղծում:
Հատկանշական
է, որ Հայաստանի նախաձեռնությամբ միջազգային այս կարևոր բանաձևն ընդունվում է
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: