Սահմանադրական փոփոխությունների որևէ անհրաժեշտություն չկա, այն էլ` այսպիսի արմատական բնույթի: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am պորտալում` մեկնալբանելով սահմանադրական փոփոխությունների նախագիծը` Ազգային Ժողովի կողմից Հիմնական օրենքի նորացված ամբողջական ու վերջնական տեքստի ընդունման լույսի ներքո:
Նախագծի 89-րդ հոդվածը կոչված է ապահովել մեկ կուսակցության գերակայությունը խորհրդարանում, այն է՝ իշխանության մեջ: Մեր իրողություններում, անկախ իր վայելած ժողովրդականությունից, դա կլինի այն կուսակցությունը, որ տիրապետում է ադմինիստրատիվ և ֆինանսական ռեսուրսների: Իսկ հաշվի առնելով Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության անգամ նշույլի բացակայությունը, հովանավորչական կառավարումը կդառնա անխուսափելի ու հարատև չարիք, լճացման աղբյուր և արատավոր համակարգի վերարտադրման գործիք: Փաստորեն, առաջարկված նախագիծը քաղաքական մենաշնորհը դարձնում է սահմանադրական նորմ: Ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում, դրա համար էլ միանշանակ դեմ եմ արտահայտվում այս փոփոխություններին: Կատարվում է մի մեծ սխալ, որի հետևանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար», - հայտարարել է երկրորդ նախագահը: