Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել հանդիմանել երկրի ղեկավարոթյանը ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելու ցանկության բացակայության մեջ՝ նկատի ունենալով Տավուշում ադրբեջանական հերթական սանդրանքը, ինչը խաղաղ բնակչության շրջանում զոհերի պատճառ հանդիսացավ: Ի՞նչ եք կարծում, Երևանը կանխամտածված է դա անում՝ հասկանալով, որ այդ դեպքում սահմանին և Ղարաբաղում ռուս ՙխաղաղապահների՚ հայտնվելն անխուսափելի կլինի:
Սպասել, որ Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության սրացման դեպքում ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմը կբռնի, պետք չէ: Այլ կերպ ասած՝ Հայաստանի և ԼՂՀ հետ Ադրբեջանի դիմակայությունում ՀԱՊԿ մեխանիզմների օգտագործումն անձամբ ինձ անիրական է թվում:
Կարող եմ ենթադրել, որ դա շատ լավ հասկանում են Երևանում, ինչի պատճառով Հայաստանի ղեկավարությունը թե՛ նախկինում, թե՛ հիմա օգնության համար ՀԱՊԿ-ին չի դիմել: Եվ դա անկախ նոր դոկտրինից, ինչը ենթադրում է սահմանին և Ղարաբաղում ռուս ՙխաղաղապահների՚ հայտնվելը՝ Հայաստանի ղեկավարության կողմից օգնության խնդրանքի դեպքում: Չնայած ՀԱՊԿ կոնանադրությունում ցանկացած արտաքին ագրեսորից պայմանագրի մասնակից երկրների տարածության համատեղ ջանքերով պաշտպանության խնդրի հիշատակմանը՝ ՀԱՊԿ ստեղծման պահից ի վեր ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ կոնկրետ գործողություններ կոնկրետ տարածաշրջանում, ինչպես դա անում է, օրինակ, ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ը չի իրականացնի: Եթե ՀԱՊԿ-ը երբևէ որևէ հստակ գործողություն ձեռնարկի, ապա միայն պայմանագրի մասնակից երկրի խնդրանքով և բացառապես նախկին ԽՍՀՄ կազմի մեջ չմտնող երկրների նկատմամբ: Մյուս կողմից՝ պետությունների ինտեգրման ձգտումը ոչ ոք չի արգելել, և այդ տեսակետից Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին միանգամայն նորմալ է՝ հատկապես, եթե այն թույլ է տալիս Հայաստանին զենք ստանալ և կատարելագործել իր ռազմական ներուժը:
Այդ մասին քիչ է խոսվում, բայց Իրանն ավանդաբար բավական մեծ դեր է խաղացել մեր տարածաշրջանի անվտանգության համակարգում: Կարո՞ղ արդյոք Իրանը պատժամիջոցների վերացումից հետո լուրջ դերակատարություն ստանձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Իրանի թեման պատժամիջոցների վերացումից հետո մեծ ակտուալություն է ձեռք բերել: Այդ երկիրը միշտ ձգտել է տարածաշրջանային առաջատարության, ինչին վերջին տարիներին խանգարել են վերջինիս նկատմամբ կիրառվող պատժամիջոցներ: Վերջին փոփոխությունները Սիրիայում և Իրաքում, որոնց ռմբակոծում են Ռուսաստանը և միջազգային կոալիցիան, որոնք ամենևին չեն ձգտում ցամաքային գործողություններ սկսել այնտեղ, թույլ են տալիս ենթադրել, որ այդ գործառույթը կստանձնի Իրանը: Իրանական առաջին ստորաբաժանումներն, ըստ էության, արդեն տեղափոխվել են Սիրիայի տարածք: Կարծում եմ, որ Թեհրանն ավելի շուտ դրան կգնա Ռուսաստանի հետ համագործակցությամբ, քան ԱՄՆ-ի շուրջ ձևավորված կոալիցիայի հետ միասին: Այդպիսով՝ Իրանի տարածաշրջանային դերը կընդլայնվի: Կարծում եմ՝ Թեհրանը կշարունակի իր ջանքերն առաջարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այնուամենայնիվ, վճռորոշ դեր այդ հակամարտության կարգավորման հարցում, կարծում եմ, Իրանը չի խաղա: Հակամարտության կարգավորման հարցում վճռորոշ դեր չի կարող խաղալ նույնիսկ Ռուսաստանը, որին հակամարտող կողմերը համառորեն փորձում են իրենց կողմը գրավել և օգտագործել՝ հակառակորդի վրա ճնշում գործադրելու նպատակով: 25 տարվա ընթացում հակամարտությունը խորը նստել է երկու ժողովուրդների գիտակցության մեջ, և դրսից դրա լուծման ցանկացած փորձ, առանց հակամարտող կողմերի հետ համաձայնեցման, չի ընդունվի Ադրբեջանի, Հայաստանի և ԼՂՀ ղեկավարության և հասարակությունների կողմից: Բնական է, որ ԵԱՀԿ ՄԽ ոչ մի միջնորդ երկրի խնդիրը միանձնյա կարգավորել թույլ չեն տա միջնորդական առաքելության գծով գործընկերները: Ի դեպ, միջորդների Մինսկի խումբը, կարծում եմ, վերջին ժամանակներս հավաքվում է՝ միայն հավաքվելու համար: Այդ պատճառով, երբ սահմանին իրավիճակի ինչ-որ սրացում է տեղի ունենում, խումբը պատճառներն ուսումնասիրելու փոխարեն, դիմում է երկու կողմերին՝ հրադադարը պահպանելու հերթական կոչով: Այդպիսով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ գործընթացների նկատմամբ ազդեցությունն ուժեղացնել Իրանը, իհարկե, կարող է, սակայն լուծել այդ խնդիրը Թեհրանը չի կարող:
Որպես Իսրայելի քաղաքացի՝ հավատու՞մ եք, որ ՙվեցնյակի՚ հետ Լոզանյան պայմանավորվածություններից հետո իրանական ատոմը բացառապես խաղաղ բնույթ է ձեռք բերել:
Ոչ: Կարծում եմ, որ ծրագիրն ինչպես գործել, այնպես էլ շարունակում է գործել: Պարզապես իրանցիներն ավելի խելացի են դարձել՝ հատկապես նախագահի փոփոխությունից հետո: Այլ կերպ ասած՝ Թեհրանը փոխել է դիմակը կամ խոսնակին, բայց ամենևին ոչ մտադրությունները, քանի որ երկիրն առաջվա պես ղեկավարում է այաթոլան: Մենք բավարար չենք համարում այդ համաձայնույթունը, քանի որ այն միջուկային մշակումները շարունակելու հնարավորություն է տալիս Թեհրանին: Այլ բան է, որ ես չեմ հավատում, որ մեր դարում Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է միջուկային լինել, քանի որ այսօր միջուկային զենքը՝ բացառապես զսպման զենք է: Այնուամենայնիվ, եթե միջազգային հանրության արձագանքի բացակայության պայմաններում Իսրայելը միջուկային ոլորտում ռազմական ծրագրերի շարունակման հավաստի տեղեկատվություն և ապացույցներ ունենա, ապա ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Տպավորություն է ստեղծվում, որ գլոբալ քաղաքականություն Իրանի ՙվերադարձից՚ հետո իր արտաքին քաղաքականությունում հետևողականորեն դիրքերը կորցնող Թուրքիան սկսել է ավելի արագ կորցնել դրանք: Ի՞նչ կարծիք ունեք այս առնչությամբ:
Այսօր Թուրքիան խնդիրներ ունի, թերևս, բոլոր հարևանների հետ, և քրդական խնդրի և հարևան Սիրիայում ու Իրաքում իրավիճակի սրացմանը զուգընթաց Թուրքիան էլ ավելի է խրվել այդ խնդիրներում: Նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները միայն լրացուցիչ սրություն կհաղորդեն այդ խնդիրներին: Անցած ընտրություններն անհաջող էին Էրդողանի համար, քանի որ հանգիստ իրադրությունում նրա կուսակցությունը չի կարողացել երկրի միանձնյա կառավարման համար բավարար ձայներ ապահովել: Եվ առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու համար Էրդողանին առաջին հերթին անհրաժեշտ է ճնշել քրդամետ կուսակցությանը, ինչով նա հիմա զբաղված է:
Ընդհանուր առմամբ Թուրքիայի տնտեսական և քաղաքական հաջողակության պղպջակն ամենևին այսօր չի պայթել: Եվ այսօր Թուրքիան պետք է վերջնականապես կողմնորոշվի՝ Ռուսաստանի հետ է այն, թե՞ ԱՄՆ-ի: Անել դա շատ դժվար է, քանի որ միասնական կարծիք այդ առնչությամբ Անկարայում չկա: Եվ, իրոք, հասկանալի է, որ քաղաքականապես և տնտեսապես ուժեղ Թուրքիան, ինչի մասին դեռ 5 տարի առաջ էին խոսում, արդեն չի լինի, առավել ևս՝ Իրանի քաղաքական ամրապնդման պայմաններում:
ԱՄՆ և վերջինիս գլխավորած կոալիցիայի նպատակներն ընդհանուր առմամբ հասկանալի են: Ինչի՞ է ձգտում այսօր հասնել Սիրիայում Ռուսաստանը:
Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Մոսկվան փոքր-ինչ կոպիտ, բայց արդյունավետ է գործում Սիրիայում: Եվ, կարծում եմ, Ռուսաստանի գործողությունները Սիրիայում շատ ճիշտ քայլ են Պուտինի կողմից: Առաջինը՝ նրան անհրաժեշտ էր շեղել ուշադրությունը Ուկրաինայից, երկրորդ՝ Ռուսաստանին վերադարձնել պետությունների շարքը, որոնցից ինչ-որ բան է կախված, երրորդ՝ վերադառնալ Մերձավոր Արևելք, որը միշտ ուժեղ հաղթաձի է եղել Մոսկվայի համար: Այսօր Մոսկվան լավ հարաբերություններ ունի Եգիպտոսի, Իրանի հետ: Ի դեպ, բավական լավ հարաբերությունների մեջ է գտնվում Իսրայելի հետ, որի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ հետևողականորեն փչանում են: Այդ ամենը վկայում է առաջատար պետությունների ակումբ Ռուսաստանի վերադարձի մասին: Ունենալով ռազմակայան Միջերկրական ծովում՝ Ռուսաստանի համար հիմարություն կլիներ կորցնել այն: Բացի այդ, Ռուսաստանը, շատ լավ հիշելով, թե ինչպես իրեն ՙքցեցին՚ Լիբիայում, չի պատրաստվում իրավիճակի կրկնություն թույլ տալ: Այդ պատճառով, Ասադի հետ կամ առանց նրա, եթե խոշոր անակնկալներ չլինեն, ալավիթական պետությունը՝ ռուսական ռազմակայաններով, Սիրիայում կմնա: Կարծում եմ, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, վերջիվերջո, Սիրիայի առնչությամբ ընդհանուր առմամբ և, մասնավորապես, Ասադի հետ կապված պայմանավորվածություն ձեռք կբերեն: Եվ ընտրությունների արդյունքում, որոնք լավ թե վատ, բայց կճանաչեն բոլորը, Սիրիայում նոր առաջնորդ կհայտնվի:
Իսկ ի՞նչ կլինի ՙԻսլամական պետության՚ հետ:
Կարծում եմ, որ որոշակի փուլում այն կանհետանա, ինչպես և առաջացել էր: Անձամբ ինձ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե ԻՊ-ն, այլ Եվրոպան, որտեղ աստիճանաբար տեղափոխվում է իլիպականների մեծ մասը: Վերջերս ես գտնվում էի Եվրոպայի կենտրոնում՝ Վիեննայում, Բուդապեշտում, և ոչ այնքան հաճելի տեսարանի ականատես եղա: Եվրոպայի խոշորագույն քաղաքները լցված են փախստականներով: Ըստ որում, նրանք իրենց պահանջներն են դնում և բնակության համար ընտրում ոչ միայն երկիրը, այլ նաև քաղաքը: Կարծում եմ, որ նրանք փախստականներ չեն, այլ ավելի շուտ դա զանգվածային վերաբնակեցում է՝ հնարավոր է, կազմակերպված ինչ-որ մեկի կողմից: Նման վերաբնակիչների թիվը տարեվերջին Եվրոպայում շուրջ միլիոնի կհասնի:
Ինչի՞ համար և ու՞մ կղմից է կազմակերպվում այդ վերաբնակեցումը:
Դժվար հարց է: Եվ ես ամենևին վստահ չեմ, որ դա արվում է ԱՄՆ նախաձեռնությամբ:
Կարող եմ միայն ասել, որ Եվրոպայում և աշխարհում շատ բան է փոխվել ՙԼիսաբոնից մինչև Վլադիվոստոկ՚ Մեծ Եվրոպայի գաղափար-նախագծի ի հայտ գալուց հետո: Եվ երբ Պուտինի, Մերկելի և Սարկոզիի մտքում եռաբևեռ աշխարհի գաղափար հղացավ՝ ի դեմս ԱՄՆ-ի, Չինաստանի և Մեծ Եվրոպայի, Եվրոպայում այդ հարցի շուրջ տարաձայնություններ սկսվեցին: Միանգամայն հնարավոր է, որ այդ նախագծի հիմնական հակառակորդը միանձնյա համաշխարհային տիրապետության ձգտող Միացյալ Նահանգներն է:
Ինչ վերաբերում է վերաբնակեցման խնդրին, ապա, Վերջիվերջո, միգրանտներն անհրաժեշտ են ծերացող Եվրոպային՝ թեկուզ աշխատանքային ներուժի պահպանման և նույն եվրոպացիներին կենսաթոշակներով ապահովման նպատակով: Դա ևս եվրոպացիների՝ միգրանտների հարցում շահագրգռվածությունը բացատրող պատճառ է:
Այո, բայց որքանով հասկանում եմ, միգրանտների վերջին հոսքը Եվրոպա է գնում ոչ թե աշխատելու, այլ՝ գործազրկության նպաստներ ստանալու:
Այդ իսկ պատճառով վերաբնակիչներն այդքան ձգտում են Գերմանիայում հաստատվել, քանի որ այնտեղ նպաստը և սոցիալական կացարանը թույլ է տալիս ապրել, ոչինչ չանել և միաժամանակ պահել ընտանիքը: Դա էլ հանգեցրել է Գերմանիայում թուրք միգրանտների ինտեգրման աստիճանի կտրուկ նվազմանը: Եթե միգրանտների առաջին հոսքը, նկատի ունեմ անցած դարի վերջը, փորձում էր լեզու սովորել, աշխատանք գտնել և ինտեգրվել գերմանական հասարակությանը, ապա նրանց հաջորդ սերունդը, գիտակցելով, որ նպաստով էլ կարելի է բավական ազատ ապրել, ներփակվել է իր մեջ: Ակտիվորեն սկսել են գործել մզկիթները՝ դառնալով Եվրոպայի կենտրոնում մահմեդականների նոր աշխարհայացքի ձևավորման կենտրոն:
Վերջերս այդ մասին խոստովանեց նաև Անգելա Մերկելը…
Նշանակում է՝ մեր զգացողությունները համապատասխանում են իրականությանը:
Այս իրավիճակում ինձ ավելի շատ դուր եկավ Սլովակիայի արձագանքը, որը բացառապես քրիստոնյա փախստականներին ընդունելու պատրաստակամություն է հայտնել՝ երկրում մզկիթների բացակայության պատճառով: Մոտավորապես նույն կերպ է վարվել Ավստրալիան: Հին աշխարհը գնալով ավելի մահմեդական և պակաս գրավիչ է դառնում ոչ միայն բնակության, այլ նույնիսկ զբոսաշրջիկների համար: Այդ պատճառով, եթե Եվրոպան չփոխի միգրանտնմերի ընդունման և ադապտացման համակարգը և պայմանները, ռուս գրող Ելենա Չուդինովայի ՙՓարիզի Աստվածամոր մզկիթը՚ վեպ-հակաուտոպիան կարող է փարիզյան իրականության նկարագրությունը դառնալ: