Սահմանում ադրբեջանական կողմի սադրանքները հարուցված էին
Գյումրիի ողբերգական իրադարձություններով, հայտարարել է քաղաքագետ Հրանտ
Մելիք-Շահնազարյանը` հունվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նրա ասելով, Գյումրիում Ավետիսյաննների ընտանիքի
սպանության լուրից հետո Ադրբեջանը փորձեց էլ ավելի սրել լարվածությունը հայ
հասարակության շրջանում` սահմանում իրավիճակը սրելու միջոցով: Մինչդեռ 2014
թվականի օգոստոսի իրադարձությունները, երբ ադրբեջանական կողմն ակտիվորեն խախտում
էր հրադադարի ռեժիմը, ցույց տվեցին, որ նման քաղաքականությունը հակառակ
ազդեցություն ունի:
«Հայ հասարակությունը միայն էլ ավելի է համախմբվում նման
դիվերսիաներից: Դա մենք տեսանք օգոստոսին, տեսնում ենք այժմ: Այդպիսով, Ադրբնեջանի
գործողությունները հարուցում են միայն ավելի մեծ դիմակայություն», - նշել է
փորձագետը:
Մելիք-Շահնազարյանն անդրադարձել է նաև Գյումրիում բողոքի
ակցիաների ընթացքում 102-րդ ռազմակայանը Հայաստանից հանելու վերաբերյալ հնչած
պահանջներին: Ինչպես նշվել է, այդ ռազմակայանը դեռ մեծ նշանակություն ունի
հանրապետության համար, և ռազմական անվտանգության հարցերի անտեսումը խելամիտ չէր
լինի:
Նա ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքին, որ
վերջին երեք օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծվել է ավելի
հանգիստ իրավիճակ: Դրա պատճառը կարող է լինել հայկական կողմի համարժեդք պատասխանն
ադրբեջանական դիվերսիաներին, ինչի արդյունքում հակառակորդը լուրջ կորուստներ է
կրել:
Մելիք-Շահնազարյանն ընդգծել է, որ Հայաստանի ռազմական
ներուժը բավարար է Ադրբեջանին զսպելու համար: Մինչդեռ, նրա ասելով, հարկավոր է
ակտիվացնել հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված դիվանագիտական քայլերը:
Մասնավորապես, բանակցային գործընթացում Հայաստանը պետք է առաջ քաշի սահմանի
անվտանգության ապահովման հարցը, Ադրբեջանին կոչ անելով, մասնավորապես, հետ քաշել
դիպուկահարներին շփման գծից:
Ինչպես նշվել է, ղարաբաղյան հակամարտության կարգավորման
շուրջ բանակցությունները փակուղի են մտել հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին
Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնման պահից: Այդ ժամանակից ի վեր
իրողությունները փոխվել են. բանակցությունների ընթացքում հնչում է մեկ բան,
սահմանում տեղի է ունենում բոլորովին այլ բան: Այդպիսով, ղարաբաղյան
հակամարտության կարգավորման գործում հասունացել է դիվանագիտական ճգնաժամ:
Նշենք,
որ վերջին 20 օրվա ընթացքում Ադրբեջանը դիվերսիայի բազմաթիվ փորձեր է ձեռնարկել,
որոնց արդյունքում կորցրել է 14 զինծառայող, ևս 20-ը վիրավորվել են: Դժբախտաբար,
կորուստներ ունի նաև հայկական կողմը: Տարեսկզբից ի վեր շփման գծում և սահմանում
հակառակորդի գնդակից զոհվել են 10 հազ զինծառայողներ: