Այսօր` ապրիլի 27-ին Մոսկվայում կայանալիք միջազգային անվտանգության հարցերով 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, համաժողովի շրջանակներում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումներ:
ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, 80 երկրների ռազմական գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող համաժողովի շրջանակում քննարկումներ տեղի կունենան ապրիլի 27-ին և 28-ին: Մոսկվա կժամանեն նաև միջազգային կազմակերպությունների` ՄԱԿ, ԵԱՀԿ, ԿԽՄԿ. Արաբական պետությունների լիգայի, ինչպես նաև ԱՊՀ և ՀԱՊԿ ներկայացուցիչներ: Ինչպես և նախորդ տարի, Ռուսաստանը համաժողովին հրավիրել է ՆԱՏՕ-ի բոլոր երկրների ներկայացուցիչներին: Միացյալ Նահանգները մերժել են հրավերը: Ուկրաինայի ներկայացուցիչներին չեն հրավիրել համաժողովին` «ուկրաինացի գործընկերների հնարավոր անկանխատեսելի վարքագծի» առնչությամբ:
Համաժողովի քննարկումների հիմնական թեմա է հռչակվել «Ահաբեկչությունը` որպես գլոբալ անվտանգության գլխավոր սպառնալիք»: Ապրիլի 27-ի լիակազմ նիստերից մեկը նվիրված կլինի անվտանգության մարտահրավերներին և ռազմական համագործակցության հնարավորություններին Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում, ապրիլի 28-ին համաժողովի մասնակիցները կքննարկեն Եվրոպայի անվտանգությունը: Անուշադրության չեն մատնվի նաև Մերձավոր արևելքում, Կենտրոնական Ասիայում առկա իրավիճակները, որոնց շուրջ նախատեսվում են առանձին քննարկումներ: Առաջարկվում է առանձին քննարկել նաև «գունավոր հեղափոխությունների ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության վրա, գնահատական տալ զինված ուժերի դերին պետությունների անվտանգության ապահովման գործում», նշել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում: Համաժողովի նախաշեմին Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը գործընկերներին կոչ է արել «պրոֆեսիոնալ և անկեղծ երկխոսության»: Շոյգուի համոզմամբ, գլոբալ և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների շուրջ բաց քննարկումները, կարծիքների, գնահատականների և կանխատեսուների փոխանակումը կօգնեն գտնել կուտակված հակասությունների լուծումները: Նա հույս է հայտնել, որ համաժողովը կօգնի վերականգնել և ամրապնդել տարբեր երկրների ռազմական գերատեսչությունների փոխըմբռնումը, ջանքերը կենտրոնացնել նոր մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու համատեղ ուղիների որոնման ուղղությամբ: