2016 թվականի բյուջեի նախագիծը և տնտեսության նախատեսվող 2,2% աճն իշխանությունների սեփական անզորության ինքնախոստովանություն է: Նոյեմբերի 19-ին խորհրդարանում այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցնության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա ասելով, կառավարության ներկայացրած փաստաթուղթը ցույց է տալիս, որ իշխանությունները չունեն երկրի զարգացման ոչ ծրագիր, ոչ հույս և ոչ էլ հավակնություն: «Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում, առաջին անգամ խաղաղության պայմաններում, արտագաղթը Հայաստանից կազմել է ավելի քան 300 հազար մարդ, իսկ մարդկանց հեռացման տարեկան տեմպը հասել ավելի քան 50 հազարի: Բնական է, հիմնական պատճառն այն է, որ մարդիկ ուղղակի չեն կարողանում օրվա հացը վաստակել, քանի որ չունեն աշխատանք: Վերջին եռամսյակի տվյալներով գործազրկությունը հասել է 18.4 տոկոսի, ընդ որում, ցույց տալով անընդհատ աճելու միտում անգամ արտագաղթի բարձր տեմպերի պարագայում: Սա նշանակում է, որ մենք ունենք տնտեսական չափազանց անկայուն վիճակ, որն ավելի ճիշտ կլիներ անվանել երկրի սրընթաց քայքայման գործընթաց», - հայտարարել է նա:
Լևոն Զուրաբյանն ընդսմին նշել է, որ տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ է առնվազն 7.5% աճ, ինչը, նրա կարծիքով, տվյալ պահին ֆանտաստիկ ցուցանիշ է Հայաստանի համար: «Ներդրումների մակարդակը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ, 2012 թվականի 25.3 տոկոսից երկու տարվա ընթացքում նվազել է 21.1 տոկոսի: Այս տարի կանխատեսվում է 20.1 տոկոս, նույն կանխատեսումը տրված է 2016 թվականի համար: Կտրուկ նվազել են ուղիղ արտաքին ներդրումները, այսինքն ոչ ոք չի ցանկանում արտասահմանից ներդրումներ անել Հայաստանում։ Այս նույն ընթացքում պետական պարտքն աճել է 2008 թվականի 1 մլրդ 577 մլն դոլարից 5 մլրդ 122 մլն դոլար, իսկ 2016թ. այն կդառնա 5 մլրդ 565 մլն դոլար: Այսինքն՝ առանց զարգացման միտումների, առանց անգամ զարգացման որեւէ ծրագրի կամ կանխատեսման, մենք զբաղված ենք պետական պարտքի կուտակմամբ, որն արդեն անցնում է բոլոր վտանգավոր ցուցանիշները, ինչը նշանակում է, որ մենք անշեղորեն ընթանում ենք դեպի դեֆոլտ եւ ֆինանական սնանկացում, որից հետո այլեւս ոչ ոք Հայաստանին պարտքով փող չի տա», - նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Նրա համոզմամբ, բոլոր բացատրությունները, թե իբր այս ամենը հետեւանք է համաշխարհային տնտեսական ճգնաժամների, ռուսական ռուբլու անկման, հանքահումքային արտադրանքի անբարենպաստ գնային վիճակի, բացարձակ բլեֆ է: «Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ այդպես էլ չի հասել 2008 թվականի մակարդակին: Մինչդեռ, Ադրբեջանը այն հաղթահարել է 2010 թվականին, Վրաստանը՝ 2011-ին: Ավելին, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 2008թ. Հայաստանը դեռեւս շարունակում էր գերազանցել Վրաստանին շուրջ 1000 դոլարով, իսկ հիմա արդեն ետ է՝ շուրջ 200 դոլարով: Նույն 2008թ. Հայաստանն Ադրբեջանին զիջում էր 1660 դոլարով, իսկ այսօր արդեն՝ շուրջ 4300 դոլարով», - նշել է նա
Լևոն Զուրաբյանը նաև նշել է, որ իրական խնդիրը ոչ թե արտաքին տնտեսական միջավայրն է, այլ Հայաստանի այն կոռուպցիոն ռեժիմը, որը ապօրինի մենաշնորհներով, իշխանության մերձավորների համար արտոնություններով եւ ներկրողներին սպասարկող դրամավարկային քաղաքականությամբ խեղդում է մրցակցությունը, արդյունաբերությունը եւ արտահանումը, ինչի մասին արդեն բացահայտ խոսում են Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, ԱՄՆ եւ Եվրոպական Միությունը ։ «Կարեւորը սակայն ոչ թե այն գնահատականներն են, որ տալիս են ստեղծված իրավիճակին ընդդիմությունը կամ օտարերկրյա ներկայացուցիչները։ Ամենակարեւոր գնահատականը տվել է ինքը իշխանությունը, որը բնակչության 2 տոկոս տարեկան կորցնող եւ 18 տոկոս գործազրկություն ունեցող իր կառավարած երկրի համար՝ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում նախատեսել է ընդամնեը 2.2 տոկոս տնտեսական աճ», - ասել է նա։
ՀԱԿ խմբակցության ղեկավարի համոզմամբ, սա, ըստ էության, սեփական անկարողության մասին ինքնախոստովանություն է։ «Դուք ուղիղ տեքստով ասում եք, որ ի վիճակի չեք կանգնեցնել երկրի սրընթաց քայքայումը, եթե ոչ գահավիժումը։ Դուք ուղիղ տեքստով ասում եք, որ գաղափար անգամ չունեք թե ինչպես պետք է կանխեք պետական նավի անկումը դեպի անդունդ։ Այս արձանագրումից հետո ձեզ մնում է միայն մեկ պահ կտրվել երկիրը թալանելու ամենօրյա անհագուրդ կլանվածությունից եւ գիտակցել մի պարզ ճշմարտություն։ Որ այլեւս դուք ի վիճակի չեք որեւէ հարց լուծել, որ դուք լրիվ սպառված մի իշխանություն եք /Ինչ որ հիմա ասում եմ, վերաբերում է ո՛չ միայն այստեղ ներկա կառավարությանը, այլ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ամբողջ իշխող ռեժիմին/: Որ երկիրը այս վիճակից հանելու եւ զարգացման ուղու վրա դնելու համար դուք չունեք ոչ վստահություն, ոչ ֆանտազիա, ոչ էներգիա, ոչ էլ ստեղծագործական ավյուն։ Եթե մի պահ սթափ նայեք իրականությանը, կտեսնեք, որ դուք այս երկրին ոչինչ չունեք տալու, այլ միայն անշեղորեն, վստահ տանում եք այն դեպի կործանում», - հայտարարել է նա։ Ընդդիմադիր գործիչը երկրի վարչապետին, նախարարներին և մարզպետներին խորհուրդ է տվել սահմանադրական բարեփոխումների փոխարեն զբաղվել տնտեսական խնդիրներով: «Միթե՞ կարծում եք, որ մեր ժողովուրդը, որին դուք այսքան վնաս եք տվել, մատնելով նրան գործազրկության եւ աղքատության, ցրելով նրա զավակներին ամբողջ աշխարհով մեկ, կընդունի Սերժ Սարգսյանի այս խաբեությունը եւ թույլ կտա, որ կեղեքիչները, փոփոխելով սահմանադրությունը, ցմահ թագավորեն նրա գլխին», - հայտարարել է Լ.Զուրաբյանը` կոչ անելով գոնե մի լավ բան անել և հեռանալ իշխանությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ին հաստատել է 2016 թվականի պետբյուջեի նախագիծը, որի համաձայն, ՀՆԱ-ի աճը նախատեսվում է 2.2%: Ըստ բյուջեի նախագծի դեֆլյատոր-ցուցանիշը նախատեսվում է 4%, 12-ամսյա գնաճը` 4% (+1.5%), դոլարի փոխարժեքը`483,2 դրամ մեկ դոլարի դիմաց: Բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է ՀՆԱ-ի 3.5%-ի չափով: Բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրլն. 373,7 մլրդ դրամ, եկամտային մասը`1 տրլն. 183 մլրդ. դրամ, իսկ դեֆիցիտը` 197 մլրդ դրամ: Ընդ որում, ՀԲ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցի համաձայն, 2016 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի 2,7%, իսկ 2017 թվականին` 3%: Նշենք նաև, որ Հայաստանի ազգայն վիճակագրական ծառայության տվյալներով, 2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեի եկամուտները կազմել են 553,8 մլրդ դրամ (0,4% աճ), ծախսերը` 605,9 մլրդ դրամ (16% աճ): Պետբյուջեի դեֆիցիտը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 52 մլրդ դրամ: