Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը համաձայնել է սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդարանական քննարկումները Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակելու Հայ ազգային կոնգրեսի պահանջին:
Մասնավորապես, նիստի սկզբում ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկել էր ապահովել քննարկումների ուղիղ հեռարձակում` հաշվի առնելով հարցի կարևորությունը: Սակայն Սահակյանը հայտարարել էր, որ ուղիղ հեռարձակումն ապահովված է ինտերնետում և հեռուստաալիքներից մեկով: «Մենք ոչ ժամանակ ունենք, ոչ ֆինանսներ», - հայտարարել էր ԱԺ խոսնակը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր հերթին առաջարկել էր շատրվանների վերանորոգման կամ Ազգային ժողովի «կամերաֆիկացման» համար հատկացված միջոցներն ուղղորդել ուղիղ հեռարձակման ապահովմանը: Դրան ի պատասխան` Սահակյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում պատասխանել շանտաժին և սադրանքներին: «Եթե դուք ունեիք առաջարկություններ, ապա հակավոր էր դրանք ներկայացնել սեպտեմբերի 11-ին օրակարգի նախագծի քննարկման ժամանակ, այլ ոչ թե իրարանցում ստեղծել խորհրդարանի լիակազմ նիստում», - նշել էր նա:
Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը սեպտեմբերի 11-ին ներառվել է ԱԺ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում, որը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին: Մինչ այդ նախագիծն արժանացել էր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Նախագծի վերաբերյալ հիմնական զեկուցող է նշանակվել խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների գծով ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը` մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: