Արմինֆո.«Կարմիր բերետավորների» մայիսի 13-ի արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին, և դրանց մեծագույն մասը կապ չուներ իրավական կանոնների հետ։ Այս մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունում:
«Ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել, որ երեխաների աչքի առաջ նրանց ընտանիքի անդամների կամ մտերիմների [ենթադրյալ վարչական իրավախախտման համար] ձերբակալումով երեխաները փողոցում մնալու են միայնակ, էլ չեմ խոսում էմոցիոնալ ապրումների մասին:
Անթույլատրելի է «կարմիր բերետավորների» կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը: Անընդունելի է դիմադրություն չցուցաբերող անձի նկատմամբ ուժի [այն էլ անհամաչափ] կիրառումը։ Սրանք անթույլատրելի, դատապարտելի արարքներ են, որ չունեն իրավական հիմնավորումներ», - գրել է Թաթոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հավելենք, որ այսօր ոստիկանությունը գործում է նույն մեթոդներով։ Ավելի քան ակնհայտ է, որ իջեցվել է անհնազանդության ակցիաները կոշտ ճնշելու հրաման։ Ընդ որում, ոստիկանությունը ոչ միայն ցուցարարների, այլև իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների նկատմամբ կիրառում է ոչնչով չհրահրված կոշտ ուժ։ Այսօր առավոտյան ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել Mediahub.am-ի լրագրող Նարե Գևորգյանին՝ հետիոտնային անցման վրա փողոցը հատելով կանաչ լույսի ներքո: Այս պահին նա հետազոտվում է "Նաիրի" բժշկական կենտրոնում, ոտքի վնասվածք ունի ։
Երեք տասնյակից ավելի քաղաքացիներ արդեն բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ։ Բերման ենթարկվածների թվում կան նաև անչափահասներ։ Բազմաթիվ քաղաքացիների բերման են ենթարկել մայթերից, ինչն ինքնին ապօրինի է։
Արևմտյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները, որոնք մինչև, աայսպես կոչված, թավշյա հեղափոխությունը օրը մի քանի դատապարտող հայտարարություններ էին անում նման դեպքերում, այսօր խորը լռություն են պահպանում և, պարզապես, չեն նկատում ոչ միայն հավաքների և խաղաղ հավաքների ազատության իրավունքի ոտնահարումը, այլև ԶԼՄ-ների իրավունքների խախտումները: Նույնը կարելի է ասել մի շարք, այսպես կոչված, իրավապաշտպան կազմակերպությունների մասին, որոնք նույնպես ջուր են առել բերանները։ Նշենք, որ քաղաքացիներն այս կերպ դեմ են հանդես գալիս Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացում Հայաստանի իշխանությունների միակողմանի հակասահմանադրական զիջումներին: