Արմինֆո. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է նախաձեռնության անդամ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Տեղեկություններ ենք ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից։ Այդ առթիվ՝
1) Հայտարարում ենք, որ պատրաստ ենք նշված քաղաքացիներին ևս տրամադրել անվճար իրավաբանական օգնություն։
2) Խորհուրդ ենք տալիս չընդունել սեփական ձեռքով աշխատանքից ազատվելու դիմում գրելու «հորդորները»։
3) Խորհուրդ ենք տալիս նման սպառնալիքները ձայնագրել։
Հիշեցնում ենք մեր շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարը՝ 095088787։ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն», - գրել է Մելիքյանը: