Արմինֆո. Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Հաղթանակի զբոսայգի:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նիկոլ Փաշինյանը մոտեցել է զբոսայգի ժամանած վետերաններին՝ շնորհավորել նրանց տոնական օրվա առթիվ և մաղթել առողջություն:
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակին:
Բացի այդ, Փաշինյանը նաեւ ուղերձ է հղել Հաղթանակի օրվա առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Երկրորդ աշխարհամարտում, Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ դաշնակից երկրների տարած հաղթանակի 79-րդ տարեդարձը: Այդ հաղթանակով առաջադեմ մարդկությունը ոչ ասաց քաղաքակրթության տեսած ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին: Հաղթանակի գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ խորհրդային բանակի կազմում իրենց զգալի ներդրումն ունեցան: Նրանցից 300 հազարը զոհվեցին, 107 հայեր արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման: Բազմաթիվ հայեր ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում իրենց ներդրումն են ունեցել նաև պատերազմի արևմտյան ճակատներում, պարտիզանական և ընդհատակյա պայքարում: Բոլորովին վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցավ մի բացառիկ արարողություն, երբ Ֆրանսիական ընդհատակյա դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները վերահուղարկավորվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում: Ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված Ֆրանսիայում Մանուշյանը և նրա ղեկավարած խումբը պայքարում էին այդ երկրի ազատագրման համար` չունենալով նույնիսկ Ֆրանսիայի քաղաքացիություն: Նա, ինչպես նաև դաշնակիցների բանակներում ծառայող հայերը կռվում էին մարդկության ազատության համար, և այդ ներդրումը ճանաչված ու գնահատված է: Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, որ պետք է ավելի ու ավելի ամրապնդի իր տեղն ու դերը միջազգային հարաբերություններում` որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որը լեգիտիմության հենքի վրա իր ներդրումն է բերում միջազգային կայունությանն ու խաղաղությանը: Նաև այս պատճառով է կառավարությունը որդեգրել խաղաղության օրակարգը` այն հենելով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա:
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ մղված պայքարում, այլև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակներին: Շարունակում եմ համոզված մնալ, որ նրանց հիշատակի հավերժացման ամենաարժանի գործն ազատ, երջանիկ և բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունը կլինի: Եվ մենք դժվար, բայց հաստատուն քայլերով շարժվում ենք դեպի այդ նպատակը: Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը», - ասվում է ուղերձում:
Իրենց շնորհավորանքներն են հղել նաև Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Քոչարյանը լակոնիկ է եղել՝ միայն գրելով. "Շնորհավոր Մայիսի 9-ը"։ Իսկ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Սերժ Սարգսյանի ուղերձում ասվում է. «Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, ազգովին կվերադարձնենք մեր հաղթանակները, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալն ու ազգադավների կողմից մսխված համազգային պայքարի մեր ձեռքբերումները, եթե այսօր մեզնից յուրաքանչյուրն առաջին հերթին հաղթի իր ներսի անտարբերությանը, կործանարար հուսահատությանն ու համազգային ներուժի նկատմամբ թերահավատությանը: Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ ՍԻՐԵՆՔ մեր Հայրենիքը, ՀԱՎԱՏԱՆՔ մեր ուժերին, ՀՈՒՍԱՆՔ, որ չարի դեմ մեր արդար պայքարում ԱՍՏՎԱԾ մեզ հետ է, մեզ՝ ապավեն: Մեր հայրերն ու պապերը գրեթե ութ տասնամյակ առաջ հաղթանակ տարան համամարդկային չարիքի՝ ֆաշիզմի, բռնատիրության, այլատյացության դեմ պայքարում, իմ սերունդը ավելի քան երեք տասնամյակ առաջ Արցախում հաղթանակ կռեց Ադրբեջանի հայատյացության, բարբարոսության, զավթողականության դեմ պայքարում: Մենք պաշտպանում էինք մեր Հող հայրենին, մեր օջախները, մեր արժանապատվությունը, ազատ ու անկախ ապրելու աստվածապարգև մեր իրավունքը, և մենք հաղթեցինք: Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատագրական պայքարի մարտիկների սխրանքները երբեք չեն մոռացվի: Խոնարհվում եմ կյանքը Հայրենիքի ազատության զոհասեղանին դրած բոլոր հերոսների հիշատակի առջև: Հավերժ փա՛ռք նրանց»:
Նշենք, որ մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը Հայաստանում մայիսի 9-ը նշվում էր որպես եռատոն ՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր: