Արմինֆո.ԱՄՆ կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանն ընդգրկել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ANCA-ն միացել է "Ի պաշտպանություն քրիստոնյաների" (IDC) եւ "Փրկեք Հայաստանը" կազմակերպություններին՝ կոչ անելով Պետդեպարտամենտին հետեւել ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) հանձնարարականներին եւ Ադրբեջանը ներառել այն երկրների շարքում, որոնք հատուկ մտահոգություն են առաջացնում (CPC):
Հիշեցվում է, որ այսօր առավոտյան հրապարակված իր տարեկան զեկույցում USCIRF-ն իջեցրել է Ադրբեջանի կարգավիճակը դիտարկման հատուկ ցուցակից (SWL) մինչև CPC կարգավիճակ և կոչ է արել Պետդեպարտամենտին նույնը անել "դավանանքի ազատության համակարգված, մշտական և աղաղակող խախտումներին մասնակցելու համար, ինչպես սահմանված է Մրոնական ազատության մասին միջազգային օրենքով (IRFA)":
Զեկույցում նաեւ կոչ է արվում ԱՄՆ կառավարությանը "ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը եւ Բաքվում ԱՄՆ դեսպանությանը՝ Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում պաշտամունքի վայրերի եւ այլ կրոնական կամ մշակութային օբյեկտների վերականգնման, պահպանման եւ պաշտպանության համար": ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Պետդեպարտամենտին կոչ է արել ականջալուր լինել USCIRF-ի առաջարկությանը: "Նախագահ Բայդենի Պետդեպարտամենտը, ինչպես և նախագահ Թրամփը՝ նրանից առաջ, Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ցեղասպանությանը մեղսակից է, քանի որ զինել է Ադրբեջանին ՝ խրախուսելով նրա ագրեսիան և լքելով Արցախի բնիկ հայ քրիստոնյա բնակչությանը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում USCIRF - ի անդամներից յուրաքանչյուրին, ովքեր քվեարկել են Ադրբեջանին կարմիր ցուցակում ընդգրկելու օգտին, և կոչ ենք անում մեր Պետդեպարտամենտին գործել փաստերի, օրենքի և մեր ամերիկյան արժեքների հիման վրա ՝ Ադրբեջանը անվանելով հատուկ մտահոգություն առաջացնող երկիր", - հայտարարել է Համբարյանը։