Արմինֆո.Ղազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելիս բանակցություններում որպես միջնորդ հանդես չեն գա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։
"Նման բանակցություններ նախատեսվում են մեզ մոտ ՝ Ալմաթիում ։ Մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Կցանկանայի նշել, որ Աստանայի միջնորդության մասին խոսք չի գնում, մենք միայն բարի կամքի ծառայություններ ենք մատուցում, այսպես կոչված, good offices", - ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Սմադիյարովը։
ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերջերս Ադրբեջան և Հայաստան կատարած այցերի ընթացքում կարևորել է այդ երկրների միջև տևական խաղաղության հաստատումը: Տոկաևը նաև հայտարարել է Ղազախստանի պատրաստակամության մասին ՝ աջակցել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար հարթակ տրամադրելու միջոցով:
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաղորդել էր, որ առաջիկայում Ալմաթիում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Հայաստանի ԱԳՆ-ում հաստատել են այս տեղեկությունը՝ չնշելով առաջիկա հանդիպման օրը ։