Արմինֆո. Եվրախորհրդարանն ապրիլի 25-ին ընդունել է "Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները և Գուբադ Իբադօղլուի և Իլհամիզ Գուլիևի գործը" բանաձևը:
Նշվում է, որ փաստաթուղթը նախաձեռնվել և ընդունվել է, քանի որ Ադրբեջանը ձերբակալությունների և դատական հետապնդումների միջոցով ուժեղացրել է բռնաճնշումները քաղաքացիական հասարակության, ակտիվիստների և այնպիսի անկախ լրատվամիջոցների նկատմամբ, ինչպես՝ Abzas Media-ն: Նշվում է, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներկայումս Ադրբեջանում մոտ 300 քաղբանտարկյալ ունեն:
Ընդունված բանաձևում Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ "Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Իլհամիզ Գուլիևին, վերացնել տնային կալանքի տակ գտնվող Գուբադ Իբադօղլուի երկրից դուրս գալու արգելքը, հանել նրա դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները և ապահովել նրա համար շտապ անկախ բուժզննում իր իսկ ընտրած բժշկի մոտ։ Եվրախորհրդարանը նաև կոչ է անում նրան պայմաններ ստեղծել արտերկրում բուժման համար", - ասվում է բանաձևում։
Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանը հիշեցրել է Ադրբեջանի իշխանություններին մարդկային արժանապատվությունն ու հիմնարար ազատությունները հարգելու իրենց պարտավորությունների մասին, ինչպես նաև կոչ է արել վերացնել ռեպրեսիվ օրենսդրությունը, որը սահմանափակում է անկախ ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների գործունեությունը:
Ընդ որում, Եվրախորհրդարանը գտնում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումներն անհամատեղելի են COP29-ն ընդունելու երկրի պատրաստակամության հետ: Ընդունված բանաձևը կազմակերպիչներից պահանջում է ապահովել, որպեսզի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և քաղաքացիական հասարակության արդյունավետ մասնակցությունը լիովին ամրագրվեն և երաշխավորվեն ընդունող երկրի հետ համաձայնագրում:
Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ Եվրահանձնաժողովը պետք է վերանայի Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության դադարեցումը: Ավելացվում է, որ ցանկացած ապագա գործընկերության համաձայնագիր պետք է ստորագրվի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման և երկրում մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակի բարելավման պայմանով:
Բանաձևը կոչ է անում Եվրամիության Մարդու իրավունքների հարցերով հատուկ ներկայացուցչին հանդիպում պահանջել Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ:
Փաստաթղթում կրկնվում է մարդու իրավունքների լուրջ խախտումներ կատարած ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչը ՝ մարդու իրավունքների ոլորտում ԵՄ պատժամիջոցների գլոբալ ռեժիմին համապատասխան:
Ընդունված բանաձևի համաձայն, տվյալ որոշումը պետք է ուղարկվի Եվրոպայի խորհրդին, հանձնաժողովին, հանձնաժողովի փոխնախագահին, Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին, անդամ պետություններին և նախագահին, Ադրբեջանի կառավարությանը և խորհրդարանին: