Հայաստանի պատվիրակությունն ամեն բան կանի, որպեսզի հուլիսի 22-ին ԵԽԽՎ-ն մերժի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցի վերաբերյալ բանաձևը: Հունիսի 12-ին խորհրդարանում այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա ասելով, պատվիրակության անդամները տարիներ շարունակ դիմակայում են ադրբեջանական լոբբիին, սակայն երբեմն նավթադոլարների և ձկնկիթի քաղաքականությունը վեր է դասվում ճշմարտությունից: «Չեմ ցանկանում ներկայացնել մանրամասներ, սակայն, միանշանակ, արժանի հակահարված կտրվի», - հայտարարել է նա:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր հերթին հայտարարել է, թե առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի մասին չէր արտահայտվում այնպես, ինչպես հիմա: «Իրավիճակը վատթարացել է, և 2005 թվականից ի վեր ԵԽԽՎ թույլ է տալիս նման ձևակերպումներ, քանի որ հաջորդ երկու նախագահները վարել են անհեռատես արտաքին քաղաքականություն», - նշել է նա:
«Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ անհրաժեշտ է եվրոպացի գործընկերներին ավելի ակտիվորեն ներկայացնել առկա իրադրությունը: «Մենք պետք է ներկայացնենք խնդիրը, ոմանք կարող են ծանոթ չլինել դրան, իսկ մյուսները` տեղի տալ Բաքվի ճնշմանը», - հայտարարել է նա:
ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը նշել է, թե Ադրբեջանը փորձում է ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ձևաչափ, ինչի շնորհիվ` փորձել հասնել ղարաբաղյան հակամարտության իր համար ցանկալի լուծման: «Սակայն, քանի դեռ գոյություն ունի ԵԱՀԿ ՄԽ, նման բանաձևերը ոչ մի նշանակություն չեն կարող ունենալ», - հայտարարել է նա: Դաշնակցականը նաև մեկնաբանել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստան-Ադրբեջան բարեկամության միջխորհրդարանական խմբի համանախագահ Դմիտրի Սավելևի այն հայտարարությունը, թե « Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող 7 տարածքներն անմիջապես պետք է վերադարձվեն Ադրբեջանին»: «Եթե ադրբեջանական ԶԼՄ-ները չեն չափազանցնում, և Սավելևը հայտարարում է, թե Ղարաբաղը հարկավոր է վերադարձնել Ադրբեջանին, ապա թող փորձեն գալ և վերցնել: Նրա հայտարարությունները հավասար են զրոյի և չեն կարող ինչ որ կերպ ազդել իրավիճակի վրա», - եզրափակել է դաշնակցականը:
Նշենք, որ նախօրեին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ալան Միլի հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի մասին` ասել է, որ ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշումը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը, ընդհանրապես բանակցային գործընթացին։
Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերին ԵԽԽՎ Ադրբեջանի նախաձեռնությամբ որոշում էր կայացրել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի գծով ԵԽԽՎ զեկուցող Ռոբերտ Ուոլթերի կողմից «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցի նախապատրաստման վերաբերյալ: Հոկտեմբերի 2-ին բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, ով վաղուց հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ, նշանակվել էր Լեռնային Ղարաբաղի իրավիճակի գծով ԵԽԽՎ զեկուցող` 35 «կողմ», 32 «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ նման մոտեցումներով զեկույցը ոչ ավելին է` քան քաղաքական պատվեր: