Արմինֆո.Ազգային պատկերասրահում բացվել է "Մոդեռն ոճ" ժամանակավոր ցուցադրությունը, որը մեկ հարթակում հավաքել է տվյալ հոսանքի ամենավառ ներկայացուցիչներին Հայաստանում, Ռուսաստանում և Եվրոպայում: Ցուցահանդեսի համակարգողն ու կազմողն Ազգային պատկերասրահի արտասահմանյան գեղանկարչության բաժնի վարիչ Իրինա Բաղդամյանն է:
Ցուցահանդեսի բացման ժամանակ նա նշել է, որ Հայաստանում մոդեռնն ունի վառ արտահայտված առանձնահատկություն, ինչն այն դարձնում է անկրկնելի և ճանաչելի բազմաթիվ այլ դպրոցների շարքում և թույլ է տալիս արվեստագետներին որոշակի տեղ զբաղեցնել ար նուվոյի (art nouveaux - նոր արվեստ կամ մոդեռն) պատմության մեջ ՝ որպես ինքնատիպ վարպետների:
Նա պատմել է, որ բացի հայ վարպետներից, ցուցահանդեսում ներկայացված են նաև Լուի Անկետենի և Թեոֆիլ Շտեյնլենի աշխատանքները, որոնց անունների հետ են կապված ոճի սկզբնավորումը և առաջին ստեղծագործությունները, կիրառական արվեստի եվրոպական վարպետների աշխատանքները, ինչպիսիք են Ռենե Լալիկը և Էմիլ Հալլեն:
Ցուցահանդեսը ցուցադրում է նաև ռուսական մոդեռնի տարբեր կողմերն ու եզրերը սահմանող նկարիչների ՝ Մ.Վրուբելի, Ա. Գոլովինի, Վ. Բորիսով - Մուսատովի, Մ. Նեստերովի, Կ. Սոմովի, Լ. Բակստի, Մ. Դոբուժինսկու, Ա. Բենուայի, Վ. Սերովի և այլոց աշխատանքները:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Իրինա Բաղդամյանը նշել է, որ նման ցուցահանդես ստեղծելու գաղափարի հիմքում ընկած էր հայկական արվեստը այլ մշակույթների, տարածաշրջանների, երկրների հետ համատեքստում ցուցադրելու մտադրությունը: Ցուցահանդեսը նախապատրաստելու համար տիկին Բաղդամյանից պահանջվել է երկու տարի։ <Անհրաժեշտ է շատ լավ իմանալ պատկերասրահի նյութը: Բացի այդ, ես պետք է ուսումնասիրեի մասնագիտական գրականություն, կարողանայի հավաքել այն ամենը, ինչ անհրաժեշտ է, շտկել, ընտրություն կատարել: Դա շատ ժամանակ է պահանջում: Եվ ես տեսա, որ բավականին շատ նյութեր կան ռուսական հավաքածուից, հայկական, մի փոքր ավելի քիչ արևմտաեվրոպական>, - ասել է նա:
Միաժամանակ համակարգողն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս հոսանքի աշխատանքների հաջող համադրման դեպքում ակնհայտ է դառնում հայկական մոդեռնի հարստությունն ու շքեղությունը: <Միայն համեմատության մեջ, համատեքստում դրսևորվում է դրա ամենաբարձր մակարդակը: Եթե առանձին ցույց տայինք, օրինակ, Սուրենյանցին, Կոջոյանին, դա նման էֆեկտ չէր ունենա։ Իսկ երբ մի ամբողջ ուղղություն ցույց ես տալիս, այն սկսում է հնչել ողջ ուժով", - նշել է Բաղդամյանը։
Խոսելով ար նուվո ուղղության հայ նկարիչների մասին՝ ցուցահանդեսի համակարգողն ընդգծել է, որ վերջիններս շատ հետաքրքիր են, քանի որ կրում են արևմտաեվրոպական արվեստի փորձը, միաժամանակ ունեն հարուստ ազգային ավանդույթներ, շատերն աշխատել են Ռուսաստանում, ցուցադրվել Փարիզում և այլ քաղաքներում: <Մոդեռնն այն հոսանքներից մեկն է, որը թույլ է տալիս խոսել միմյանց հետ: Ցանկացած երկրից որ մոդեռնիստ-նկարիչին վերցնենք՝ նա համահունչ ներգրվում է ցանկացած տարածության մեջ>, - նշել է նա:
Իրինա Բաղդամյանը նշել է, որ ցուցահանդեսի շնորհիվ հաջողվել է ցույց տալ, որ մոդեռնը Հայաստանում լինելու հիմքեր ունի, այն անվանելով գեղարվեստական երևույթ, որը հավասար է բոլոր մյուս ժամանակակից հոսանքներին և նույն մոդեռնին՝ տարբեր դպրոցներում, տարածաշրջաններում: "Եվ՝ որ մեր նկարիչներն իրենց արժանի տեղն են զբաղեցնում մոդեռնի մյուս վարպետների շարքում, ես պետք է ասեմ, որ՝ թերեւս ամենահետաքրքիր տեղը", - եզրափակել է փորձագետը: