Արմինֆո.ԵՄ-ում վստահեցնում են, որ արցախցիների՝ հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի հարցը փակված չէ Բրյուսելի համար։
«Ազատության» հետ զրույցում ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն՝ ի պատասխան ճշգրտող հարցին, թե արդյոք Բրյուսելի համար փակված է արցախցիներին հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու հնարավորություն ընձեռելու հարցը, հաշվի առնելով այն փաստը, որ եվրոպական կողմն իր հայտարարություններում այդ մասին այլևս չի հիշատակում, մասնավորապես, ասել է. «Անտարակույս այս հարցը դ0եռ սեղանին է։ Մենք շատ լավ գիտենք, թե դա ինչ ազդեցություն ունի հայ ժողովրդի վրա, հայ հասարակության վրա, որքան կարևոր է հայ ժողովրդի, բայց նաև՝ Ադրբեջանի համար։ Որովհետև այս մարդիկ Ադրբեջանից են՝ Լեռնային Ղարաբաղից: Լեռնային Ղարաբաղը մեզ համար միշտ դե յուրե եղել է Ադրբեջան։ Մենք ասում էինք՝ տեսեք, կա խնդիր, կա մի հարց, որը մնացել է շատ բարդ անցյալից, եկեք լուծենք այն որպես քաղաքակիրթ համայնք՝ բանակցային սեղանի շուրջ։ Դա, ցավոք, հնարավոր չդարձավ Ադրբեջանի միակողմանի գործողությունների պատճառով։ Ահա թե ինչու Եվրամիությունը շատ արագ տրամադրեց լրացուցիչ օգնություն Լեռնային Ղարաբաղից փախած մարդկանց համար: Եվ մենք հանձնառու ենք շարունակել օգնել Հայաստանին այս խնդրի լուծման գործում: Սա մեր օրակարգի հարցերից է, և փակ չէ, քանի որ մեծ թվով՝ հարյուր հազարից ավելի մարդու է վերաբերում»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն աայդ հարցի լուծումը տեսնում է Հայաստանի հետ աշխատելով, թե պահանջելով Ադրբեջանից երաշխավորել նրանց իրավունքները, Ստանոն ասել է․ «Աշխատելով բոլոր ներգրավված կողմերի հետ, որովհետև մեր հիմնական պահանջներից մեկը, որը մենք շատ պարզ դրեցինք, երբ խնդիրը սկիզբ առավ, երբ սկսվեց զանգվածային արտագաղթը, և դա փոխանցվել է նաև մեր ադրբեջանցի գործընկերներին, այն էր, որ պետք է երաշխավորվի այս մարդկանց վերադառնալու և անվտանգ ապրելու իրավունքը: Ու մենք շարունակում ենք դիմել ադրբեջանցի գործընկերներին՝ երաշխիքներ տրամադրել և շատ անկեղծ ու հստակ ասել այս մարդկանց, որ նրանք կարող են վերադառնալ առանց որևէ սպառնալիքի և առանց որևէ մտահոգության, որ նրանց ունեցվածքը պետք է հարգվի, ինչպես նաև պետք է հարգվեն մշակութային և կրոնական խորհրդանիշներն ու սեփականությունը։ Այս հարցը փակված չէ, և մենք այն բարձրացնում ենք ամեն անգամ, երբ հնարավորություն ենք ունենում, Հայաստանի, բայց նաև Ադրբեջանի հետ»։
Հարցին, թե արդյոք ԵՄ-ում դիտարկել են ռուս սահմանապահների փոխարինումը՝ Հայաստանի անվտանգության ամրապնդման ծրագրի շրջանակում, եվրոպացի պաշտոնյան պատասխանել է. «Մենք տեղյակ ենք տարբեր դերակատարների բազմաթիվ առաջարկների մասին, բայց ըստ Եվրամիության աշխատակարգի, երրորդ երկրների հետ հարաբերություններին առնչվող հարցերը քննարկվում են անդամ պետությունների կողմից, այսինքն՝ տվյալ պահին գործող կառավարությունների կողմից։ Մեր դեպքում, օրինակ, դա Արտաքին հարաբերությունների խորհուրդն է։ Նոյեմբերին, երբ արտգործնախարարները քննարկում էին Հայաստանի հետ հետագա համագործակցության հարցերը, նրանք մատնանշեցին երեք ոլորտ, որտեղ մենք կարող ենք ավելին անել՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամը, Հայաստանի տնտեսության և հասարակության դիմակայունության ամրապնդումը և վիզային ռեժիմի ազատականացումը։ Սրանք են այն ոլորտները, որոնք ԵՄ-ն նախանշել է և որոնց վրա հենց հիմա ցանկանում է կենտրոնանալ: Մենք հստակեցրել ենք նաև այլ ոլորտներ, որտեղ ցանկանում ենք կենտրոնացնել մեր ընդլայնված համագործակցությունը՝ կապի, էներգետիկայի ոլորտ, տնտեսության ամրապնդմանը վերաբերող հարցեր: Այնպես որ, իհարկե, առաջարկները շատ են, բայց ի վերջո խոսքը Հայաստանի ներկայացրած պահանջի և ի պատասխան Եվրամիության ներկայացրած առաջարկի մասին է, և եթե դրանք համընկնեն, կարելի է պայմանավորվել»։
Ընդ որում, անդրադառնալով ճշգրտող հարցին, թե արդյոք տնային աշխատաանքը, որ պետք է կատարի Հայաստանը ԵՄ հետ հարաբերություններում ենթադրում է Ռուսաստանի առաջնորդած դաշինքները լքելու հարց, Ստանոն հավաստիացրել է, որ Հայաստանի համար սահմանված տնային աշխատանքն ավելի շատ բարեփոխումները շարունակելու իմաստով էր։ «Մենք խոսում ենք Հայաստանը քաղաքական և տնտեսական առումով ԵՄ-ը մոտեցնելու մասին։ Եվ դա ներառում է, իհարկե, բարեփոխումների վրա աշխատանք՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում և բարեփոխում, իհարկե, անհրաժեշտ տնտեսական բարեփոխումներ, օրենքի գերակայության ապահովում, կոռուպցիայի դեմ պայքար։ Եվ այս հարցում Հայաստանը հսկայական աշխատանք է կատարել։ Սա գնահատվեց այսօր և շարունակում է գնահատվել: Բայց, իհարկե, կան խնդիրներ, որոնք դեռ պետք է բարելավվեն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ ձեր հարաբերություններին, ԵՄ-ն այն դերակատարը չէ, որ ասի՝ եթե ուզում եք աշխատել մեզ հետ, պետք է հրաժարվեք բոլոր մյուս գործընկերներից: Մենք կողմ ենք ներառական համագործակցությանը։ Եթե կարծում եք, որ ձեր շահերից ելնելով կարևոր է, կամ՝ լավ է, կամ՝ ձեռնտու է Ռուսաստանի հետ ինչ-որ համագործակցություն ունենալը, կարող եք դա ունենալ, եթե այն չի հակասում ԵՄ քաղաքականությանը, օրինակ՝ մեր պատժամիջոցների քաղաքականությանը: Այսպիսով, եթե դուք ավելի սերտ կապեր եք զարգացնում ԵՄ-ի հետ, դա չի նշանակում, որ պետք է կրճատեք ձեր կապերը որևէ այլ գործընկերոջ հետ: Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դա ձեր ինքնիշխան որոշումն է: Մենք չենք ասում՝ եթե ուզում եք մեզնից ավելին ստանալ, պետք է ազատվեք ռուսներից։ ԵՄ-ն այդպես չի աշխատում», - ամփոփել է Ստանոն։