Արմինֆո. Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը պատմական դեր է խաղում Հայաստանում և ողջ Հարավային Կովկասում։ Հուսով ենք, որ այն կկարողանա աջակցել Հայաստանի ժողովրդին, որը կընտրի ժողովրդավարական բարեփոխումների եւ տնտեսական բարգավաճման ուղին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ' Բրայենը։
"Մենք գիտենք, որ դա լինելու է տեւական խոսակցություն Երեւանի եւ Մոսկվայի իշխանությունների միջեւ, բայց դա կլինի այնպիսի խոսակցություն, որի ընթացքում շատ հստակ կդառնա, թե ինչ ընտրություն է կատարել Հայաստանի ժողովուրդը։ Եվ մենք կարծում ենք, որ կարեւոր է սատարել եւ հարգանքով վերաբերվել այդ որոշմանը", - նշել է ԱՄՆ դիվանագետը։
Նա Ռուսաստանին մեղադրել է ապատեղեկատվությանն ուղղված նրա ջանքերի և ԶԼՄ-ներում տեղեկատվական շահարկումների համար, որոնք, նրա խոսքով, միանգամայն սպասելի են: "Ես կարծում եմ, որ դուք դա տեսել եք նաև այս համաժողովի (Բրյուսելի հանդիպում - խմբ.) առնչությամբ։
Դիվանագետը նշել է, որ Բրյուսելում կայացած հանդիպումը միանգամայն ակնհայտ ցույց տվեց, որ դա Հայաստանի ժողովրդի ընտրած քաղաքական ուղին սատարելու միջոց է եւ՝ դա անելու այնպես, որ խրախուսի տարածաշրջանային եւ խաղաղ տնտեսական ինտեգրումը, որին ԱՄՆ-ն աջակցում է եւ որին ձգտում է Հայաստանի կառավարությունը, եւ ինչպես հայտարարել Է Ադրբեջանի կառավարությունը, այն կհետեւի դրան: Այս համատեքստում դիվանագետը հիշեցրել է, որ թե պետքարտուղար Բլինքենը, թե նախագահ ֆոն դեր Լայենը վերջին երկու օրվա ընթացքում խոսել են նախագահ Ալիևի հետ: "Խոսակցությունները շատ լավ և կառուցողական էին, և մենք նշել ենք, որ գնում ենք հենց այն կուրսով, որն այսօր նկարագրել ենք ։ Նախագահը (Ալիևը) դա հասկանում էր։ Նա իր տեսակետներն ու նախասիրություններն ունի այն առնչությամբ, թե ինչպես կարող ենք դա անել, բայց նա նաև ասել է, որ յուրաքանչյուր երկրի հարաբերությունները Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ տվյալ երկրի գործն է: Ուստի, մենք ընթանալու ենք այս ոգով եւ շարունակելու ենք աշխատել ի նպաստ արդար եւ տեւական խաղաղության հասնելու Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերի: Սա տարածաշրջանի համար լավագույն ճանապարհն է, և դա այն է, ինչ մենք կցանկանայինք, որ տեղի ունենար", - ասել է նա։