Արմինֆո. Ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձյանագիրը:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, ԵՄ կողմից հայաձայնագիրը ստորագրել է Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդիե Ռեյդերսը, իսկ ԵՄ խորհրդում նախագահող Բելգիայի կողմից և ԵՄ անդամ պետությունների անունից՝ Բելգիայի փոխվարչապետ, Հյուսիսային ծովի և արդարադատության հարցերով նախարար Փոլ Ֆան Թիխելտը:
Ստորագրության պաշտոնական արարողության ընդառաջ ստորագրող պաշտոնյաները հանդես են եկել ելույթով: ՀՀ ԱԳ նախարարը, ինչպես նաև ԵՄ և Բելգիայի պաշտոնյաներն իրենց խոսքում ընդգծել են, որ Հայաստանն առաջինն էր, որ 2021թ. սկսեց բանակցությունները համաձայնագրի կնքման շուրջ և այսօր՝ բանակցությունների հաջող ավարտից հետո, առաջինն է, որ ստորագրում է այն:
Նշենք, որ Eurojust-ը ԵՄ ապակենտրոնացված մարմին է, որը չի մտնում ԵՄ ինստիտուտների կազմի մեջ ։ Գործակալությունը ստեղծվել է քրեական արդարադատության ոլորտում առանձին առաջադրանքներ կատարելու համար։ Eurojust-ը զբաղվում է Եվրամիության անդամ երկրներում քրեական հետապնդման ազգային մարմինների միջև համակարգմամբ և համագործակցությամբ: Դրա նպատակն է ապահովել հանցագործությունների ավելի արդյունավետ հետաքննություն և հետապնդում, հատկապես նրանց, որոնք ունեն անդրսահմանային բնույթ: Eurojust-ը օգնում է տեղեկատվության փոխանակմանը, գործողությունների համակարգմանը, իրավասության կոնֆլիկտների լուծմանը և տարբեր ազգային մարմինների միջև համագործակցության ապահովմանը: