Արմինֆո. Թուրքիան կասեցնում է իր մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին (ԵՍԶՈՒՊ)։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այն հրապարակվել է Resmi Gazete կառավարական պաշտոնական տեղեկագրում ։
Փաստաթղթի տեքստում նշվում է, որ որոշվել է 2024 թվականի ապրիլի 8-ից կասեցնել Թուրքիայի Հանրապետության և ԵՍԶՈՒՊ-ի մասնակից մյուս պետությունների միջև պայմանագրի իրականացումը ՝ նախագահի հրամանագրին համապատասխան։
Թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում են, որ, Անկարայի կարծիքով, պայմանագիրն իմաստը կորցրել է առկա պայմաններում և դրա գծով ստանձնած պարտավորությունները, փաստորեն, չեն կատարվում, սակայն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը կասեցնելու մասին որոշումը կարող է շրջելի լինել:
ԵՍԶՈՒՊ-ը ստորագրվել է 1990թ. նոյեմբերի 19-ին Փարիզում և Թուրքիայի կառավարության կողմից վավերացվել է 1992թ. հուլիսի 1-ին: Պայմանագիրը սահմանափակում է 30 պետությունների զինված ուժերի սովորական սպառազինության և տեխնիկայի հինգ հիմնական կատեգորիաների (մարտական տանկեր, մարտական զրահամեքենաներ, 100 մմ և ավելի տրամաչափի հրետանային համակարգեր, մարտական ինքնաթիռներ և հարվածային ուղղաթիռներ) քանակը: Այն նախատեսում է տեղեկատվության փոխանակում և ստուգում:
Հավելենք, որ Ռուսաստանը պաշտոնապես լքել է ԵՍԶՈՒՊ-ը 2023 թվականին, որից հետո պայմանագրին մասնակցության դադարեցման մասին հայտարարել են Կանադան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի այլ երկրներ:
Այսօր հայտնի է դարձել նաև, որ Բելառուսը մտադիր է դադարեցնել իր մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին: