Արմինֆո.Միացյալ Նահանգները, ԵՄ-ի գործընկերների հետ միասին, հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելու գործին: Այդ մասին հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտում՝ ի պատասխան Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության ու հնարավոր հեռանկարների մասին «Ամերիայի ձայնի» հարցմանը:
«Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին: Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Մենք շարունակում ենք ներգրավված լինել՝ երկկողմանի, գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների միջոցով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրին դարձնելու համար», - հաղորդել են ԱՄՆ Պետդեպարտամենտում:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս Փարիզում էր, որտեղ ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսին Ֆրանսիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Բլինքենի հետ նաև անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որն, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարի, այսօր վիճարկվում է Ադրբեջանի կողմից։ Իր խոսքում Ստեֆան Սեժուրնեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի հռետորաբանության կապակցությամբ՝ այն որակելով «անվերահսկելի»:
«Արձանագրում ենք նաև Բաքվից հնչող կեղծ լուրերի աճ: Նրանք՝ [Ադրբեջանը] հակված են Հայաստանին մեղադրել էսկալացիայի համար, թեև Հայաստանը, հավանաբար, միակն է, որ ցանկանում և փորձում է խուսափել դրանից: Այդ ամբողջ քարոզչության մեջ կարող եմ տեսնել բազմաթիվ ընդհանուր տարրեր, եթե զուգահեռներ տանենք, թե ինչ է Ռուսաստանը պարտադրում Ուկրաինային»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, շեշտելով, որ Բաքվում կայանալիք COP29-ի գագաթնաժողովից վեց ամիս առաջ անհրաժեշտ է «ծայրահեղ ուշադրություն դարձնել» վերոնշյալին:
Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի այս հայտարարությունը քննադատել է Իտալիան: Իտալական Giornale Diplomatico պարբերականի հաղորդմամբ, այդ երկրի փոխարտգործնախարար Էդմոնդո Չիրիելին, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև զինադադարն այժմ ամուր է՝ երկու երկրների պատասխանատվության շնորհիվ։ Սակայն պարզ է, որ ներգրավված կողմերից բացի, այլ ինստիտուտների ներկայացուցիչների ցանկացած անպատասխանատու հայտարարություն սպառնում է նոր լարվածությամբ: ...ԱՄՆ պետքարտուղարի հետ Ֆրանսիայի Հանրապետության արտգործնախարարի համատեղ ասուլիսին հնչած հայտարարությունները, անշուշտ, չեն նպաստում իրավիճակի հանդարտեցմանը։ Օգտակար ու տեղին կլիներ, եթե Սեժուրնեն չվնասեր նրանց ջանքերին, ովքեր սթափ մտքով շարժվում են դեպի այս տարածաշրջանում վերջնական խաղաղության»,- ասել է իտալացի դիվանագետը:
Բնականաբար, Բաքուն ևս քննադատել է Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը՝ կոչ անելով Փարիզին օրինակ վերցնել Հռոմի «հավասարակշռված» մոտեցումներից: Իր հերթին՝ Երևանը հայտարարել է, որ «Ֆրանսիայի արտգործնախարարի ապրիլի 2-ի անդրադարձը և տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին Ֆրանսիայի ներգրավածության նպատակներն ու կարևոր ներդրումը հայտնի են բոլոր գործընկերներին»: