Արմինֆո. Երուսաղեմի հայ համայնքը ներկայացնող փաստաբանները խստորեն դատապարտում են Իսրայելի ոստիկանության վարքագիծը, որով նրանք օգնում են իսրայելցի վերաբնակիչներին ապօրինաբար` բռնի ճանապարհով մուտք գործել Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում գտնվող Կովերի պարտեզ՝ փորձելով հայերին ապօրինաբար դուրս մղել և փորձել փոխել իրավիճակը [ստատուս քվոն] տեղում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, "Թաթոյան" հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը
«Միջազգային փաստաբանական թիմը շարունակում է իրավական բոլոր հնարավորություններով պաշտպանել Երուսաղեմի Հայկական թաղամասի և Հայ համայնքի շահերը: Մենք տեղի ունեցածը գնահատում ենք Երուսաղեմի հայկական թաղամասի և Հայ համայնքի իրավունքների ու օրիբական շահերի կոպիտ խախտում, որն ունի գոյաբանական նշանակություն», - գրել է իրավապաշտպանը՝ զետեղելով տեսանյութ:
Այսօր ավելի վաղ հաղորդագրություն էր հայտնվել այն մասին, որ Իսրայելի ոստիկանությունն ու վերաբնակները կրկին փորձում են զավթել Երուսաղեմի "Կովերի պարտեզ" հայկական թաղամասի տարածքը: Այդ մասին հաղորդում են թաղամասի պաշտպանները X-ի (նախկին Twitter-ի) իրենց էջում։
"Սա հայկական սեփականության զավթման հերթական անօրինական փորձն է", - ասվում է հաղորդագրությունում, որին կցվում է տարածքի պաշտպանների և քաղաքի իրավապահ մարմինների բախման տեսագրությունը: Աղբյուրը հիշեցնում է, որ Երուսաղեմի հայ համայնքը 2023 թվականի նոյեմբերի 5-ից շուրջօրյա և առանց հանգստյան օրերի պաշտպանում է իր սեփականությունը: Միայն վերջին 150 օրվա ընթացքում նրա ներկայացուցիչները բախվել են անպատիժ հարձակումների տարափի։ "Պարտեզի փրկության շարժումը բոլոր միջազգային կազմակերպություններին կոչ է անում ճնշում գործադրել Իսրայելի կառավարության նկատմամբ՝ կարգավորելու համար այդ իրավիճակը, որը վտանգում է հայերի 1700 - ամյա ներկայությունը Երուսաղեմ Սուրբ քաղաքում", - ընդգծվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը պայմանագիր էր կնքել իսրայելական ընկերության հետ ՝ նրան իրավունք տալով "Կովերի պարտեզ" հատվածում կառուցել լյուքս դասի հյուրանոց ՝ մի քանի պատմական շենքերի քանդման իրավունքով։ Պատրիարքարանը չեղարկել է գործարքը՝ հայ համայնքի, ինչպես նաև պաղեստինյան ինքնավարության իշխանությունների բողոքներից հետո: Դրանից հետո հայ համայնքի վրա հարձակումներ են սկսվել, վերջին հարձակումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ մոտ 30 զինված անձինք հարձակվել են տեղամասի վրա ՝ մարմնական վնասվածքներ հասցնելով այնտեղ հերթապահող մի քանի հայ ակտիվիստների, այդ թվում ՝ քահանային և ճեմարանի սաներին։