Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Ֆրանսիային կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար: Համապատասխան կոչը նա հնչեցրել Է Le Figaro-ի հետ հարցազրույցում։
Անդրադառնալով ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցին ՝ Շահրամանյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերյան ագրեսիայից հետո, բացի Արցախի 8 նախկին ղեկավարների պատանդառումից, Ադրբեջանի կողմից գերեվարվել է ևս 7 զինծառայող: Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ բոլոր հայ բանտարկյալներին ազատ արձակելու նպատակով: "Ես պահանջում եմ նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակել, ինչպես նաև ազատ արձակել կամայականորեն ձերբակալված, անհիմն բանտարկված և անհիմն մեղադրանքների զոհ բոլոր հայ կալանավորներին: Եվ ես խնդրում եմ Ֆրանսիային ճնշում գործադրել նախագահ Ալիևի նկատմամբ՝ այդ ազատ արձակմանը հասնելու համար", - ասել է նախագահը։
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե՝ արդյոք կապ կա Արցախի 5-րդ նախագահի ընտրությունների և դրան հաջորդած հարձակման միջև, Շահրամանյանը հերքել է նման կապի հնարավորությունը, հիշեցնելով, որ ադրբեջանցիները նախկինում արդեն զորք էին կուտակում շփման գծում: Նրա ասելով՝ ակնհայտ է, որ Արցախի թուլացմանն ուղղված 9-ամսյա հյուծող շրջափակումից հետո ադրբեջանական կողմը մտադիր էր հարձակվել խաղաղ բնակիչների վրա, որոնց բռնի տեղահանումից հետո մեկ տասնյակից ավելի մարդ չի մնացել։ "Նրանք հաշմանդամներ են, ծեր ու հիվանդ մարդիկ, ովքեր չեն կարողանում տեղաշարժվել կամ էլ, անկախ ամեն ինչից, ցանկանում են գտնվել իրենց հարազատների գերեզմանների մոտ", - նշել է Շահրամանյանը, ընդգծելով, որ "ԼՂՀ-ն լուծարելու" մասին հրամանագիրը Լեռնային Ղարաբաղից բնակչության անվտանգ դուրս բերման միակ երաշխիքն էր: Շահրամանյանը ներկա իրավիճակում անիրատեսական է համարել Ղարաբաղի հայերի վերադարձը ադրբեջանցիների կողմից օկուպացված իրենց պատմական հայրենիք: