Արմինֆո. Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման ծրագիրը կառավարության քննարկմանը կներկայացվի արդեն ապրիլին: Մարտի 28-ին կառավարության նիստում այդ մասին հաղորդել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով համակարգում է "Հումանիտար կենտրոնի" աշխատանքները:
Կառավարության հաղորդագրության համաձայն, Տիգրան Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ և նշել. «Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, թե՛ մասնակից նախարարությունների, թե՛ նաև հասարակական կազմակերպությունների հետ: Մարզային քննարկումներ ենք կազմակերպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված համայնքների առավել ակտիվ անձանց հետ, որպեսզի այդ ծրագրի հետ կապված բոլոր հարցերը, որտեղ հնարավոր է դեռևս վերջնականացման փուլում ուղղումներ կատարել, բերենք այնպիսի տեսքի, որպեսզի դրա իրականացումը լինի սահուն ու հարթ: Կարծում ենք, որ ապրիլ ամսվա ընթացքում արդեն ծրագիրը կարող ենք ներկայացնել: Շատ բան չի մնացել, հիմնական հարցերը պարզ են, նաև դժվարություններ են պարզ: Շատ մեծածավալ ծրագիր է: Գիտեք, առիթ ունեցել եմ զեկուցելու, որ խոսքը վերաբերում է 25-30 հազար ընտանիքների բնակարանով ապահովելուն: Այս ծավալը, թե՛ երկրորդային շուկայում եղած առաջարկի տեսանկյունից, թե՛ կառուցման մեջ գտնվող շինարարության ծավալի տեսանկյունից բավական էական փոփոխություն է, և մենք այնտեղ պետք է հատկապես ուշադրություն դարձնենք հերթականությանը»:
Փոխվարչապետի խոսքով՝ առաջին փուլով ոչ բոլոր ընտանիքներին կկարողանան առաջարկել բնակարան կամ տուն, ուստի ստիպված կլինեն որոշակի փուլային հաջորդականություն սահմանել. «Հունվար ամսից մենք նախատեսում ենք նաև բնակարանային կեցության ծախսերի որոշակիորեն ձևափոխված ծրագրային շարունակություն ունենալ: Ես ուզում եմ պարզաբանել նաև, թե ինչպես է դա կապված այս բնակարանային ապահովության նախաձեռնության հետ՝ հաշվի առնելով, որ առաջին փուլում մենք ոչ բոլոր ընտանիքներին կկարողանանք առաջարկել բնակարան կամ տուն կամ գնել կամ կառուցելու հնարավորությունը, ստիպված կլինենք որոշակի փուլային հաջորդականություն սահմանել: Աջակցության ծրագիրը կշարունակենք այն ընտանիքների համար, որոնք ավելի ուշ հերթում կլինեն: Այսինքն՝ մենք դիտում ենք այն որպես կամուրջ մինչ բնակարանային հարցերի վերջնական լուծումը: Մենք, իհարկե, առաջիկայում առիթ կունենանք մանրամասները վերջնականացնելու և ավելի պարզաբանելու, բայց այնպիսի ընթացքի մեջ է, որ մենք կարծում ենք, որ ապրիլ ամսվա ընթացքում կառավարությունը կարող է արդեն քննարկել»: