Արմինֆո. Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչների մտահոգությունները պայմանավորված են երկրի ներկայիս իշխանությունների կողմից Ադրբեջանի բոլոր պահանջների միակողմանի բավարարմամբ։ Այդ մասին մարտի 21-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա նշել է, որ այդ պահանջների կատարումը տեղի է ունենում դեռևս երկու պետությունների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկից առաջ։ Պատգամավորն ընդգծել է, որ սահմանազատման և սահմանագծման իրականացումն առանց խաղաղության պայմանագրի շուրջ վերջնական համաձայնության, փոխադարձության սկզբունքի պահպանման, լիովին համապատասխանում է Բաքվի շահերին: Հայկական կողմի պահվածքը, ինչպես նշել է Օհանյանը, հակասում է երկրի սահմանադրության պահանջներին, հանցագործություն է, դավաճանական վերաբերմունք սեփական ժողովրդի շահերի նկատմամբ: "Այդ գործընթացում ներգրավված անձինք պետք է պատասխանատվություն կրեն, առավել ևս, որ սահմանազատման և սահմանագծման իրականացումից հետո որևէ մեկը վստահություն չունի, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կլքեն Հայաստանի օկուպացված ինքնիշխան տարածքները: Երեկ ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց իմ այն հարցին, թե արդյոք կա վստահություն, որ սահմանազատման գործընթացում փոխզիջման հասնելուց հետո Ադրբեջանի զինված ուժերը կհեռանան մեր երկրի տարածքից", - ընդգծել է Սեյրան Օհանյանը։
Նա հավելել է, որ երկրի իշխանությունների այս դավաճանական մտադրություններին հակազդելը պետք է դառնա յուրաքանչյուր առանձին քաղաքացու, այդ թվում նաև զինծառայողների խնդիրը, որոնք կարող են տեղի չտալ դիրքերից հեռանալու պահանջներին: "Բանակը կարգապահ կառույց է, որն ապահովում է մեր երկրի անվտանգությունը, սակայն իրավունք ունի հրաժարվել ապօրինի հրամանները կատարելուց", - ասել է պաշտպանության նախկին նախարարը, հավելելով, որ հիմնական հանցագործն Ադրբեջանն է, որը շարունակում է ճնշումներն ու սադրիչ գործողությունները Հայաստանի նկատմամբ: Իսկ երկրի ներկայիս իշխանությունները, որոնք պետք է ապահովեին Արցախի զարգացումը, հանգեցրին նրա մարդաթափման, ինչը նշանակում է, որ նրանք կորցնում են իրենց լեգիտիմությունը։ Նրանց իշխանությունից հեռացնելու միակ հնարավորությունը ՀՀ Ազգային ժողովից դուրս ուժերի լայն համախմբումն է։
Օհանյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երբեք չի համակերպվի երկրի իշխանությունների այս դավաճանական դիրքորոշման և այն օղակի հետ, որը սեղմվում է Հայաստանի շուրջ: «Հայ ժողովուրդն իր ողջ ներուժով և ռազմաքաղաքական հնարավորություններով ի վիճակի է կազմակերպել իր պաշտպանությունն ու անվտանգությունը՝ դրանով իսկ ապահովելով անվտանգության ազգային երաշխիքները: Իսկ դրա համար անհրաժեշտ է միավորել համազգային ողջ ներուժը՝ դրա ճիշտ գործարկմամբ", - նշել է նախկին նախարարը։
Նա հաղորդել է, որ իշխանություններին հակազդելու նպատակով ընդդիմությունն օգտագործելու է եղած բոլոր գործիքները ՝ Ազգային ժողովից մինչև խորհրդարանից դուրս գործողություններ: