Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Երեւանը պաշտոնական նամակ է հղել Մոսկվային՝ "Զվարթնոց" օդանավակայանի սահմանային անցակետը վերահսկողության տակ վերցնելու իր մտադրության մասին:
Մարտի 12-ին մամուլի ասուլիսում Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, թե իրեն դուր չի գալիս այն ձեւակերպումը, որը բարձրաձայնվում է մեդիա դաշտում: Մինչդեռ, ըստ Փաշինյանի, պաշտոնական նամակում ձևակերպումը մի փոքր այլ կերպ է հնչում։ "Հայաստանի սահմանապահ զորքերը նամակ են հղել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերին, որում, երախտագիտություն հայտնելով օդանավակայանում անվտանգության և վերահսկողության ապահովման առաքելության իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար, հայտարարել են սեփական ուժերով ծառայություն իրականացնելու իրենց մտադրության մասին", - նշել է ՀՀ վարչապետը:
Նա հավելել է, որ նամակն ուղարկվել է երկրի պետական ինստիտուտների զարգացման ֆոնին, այդ թվում ՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ: Հայաստանի սահմանապահ զորքերը, կառավարության ղեկավարի հավաստմամբ, ձեռք բերելով համապատասխան փորձ և գիտելիքներ, այսօր արդեն հնարավորություն ունեն սեփական ուժերով իրականացնել սահմանային հսկողություն:
Ավելի վաղ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հաղորդել էր, որ Հայաստանը նամակ է հղել Ռուսաստանին, որում հայտարարել է, որ "Զվարթնոց" օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն հայ սահմանապահները: Նրա խոսքով ՝ Երևանը դրա համար ունի բոլոր հնարավորությունները։