Արմինֆո.Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի էլիտաների մտահոգիչ տրամադրություններին, ակնկալում է երկրի ղեկավարության քաղաքական սթափություն, Երևանը մնում է դաշնակից: Այդ մասին հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
"Չեմ թաքցնի, որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգություն են հարուցում։ Բայց մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափություն և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատական: Ընդգծեմ. Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ", - ասել է գլխավոր քարտուղարը, պատասխանելով ՏԱՍՍ-ի այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում Երևանից ակնկալում են հայտարարություն կազմակերպությանը մասնակցության դադարեցման վերաբերյալ։
"Թե ես, թե քարտուղարությունն աշխատում ենք կազմակերպությունում ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին խիստ համապատասխան։ Մենք, իհարկե, մեր վերլուծաբանների ուժերով եւ նրանց հասանելի գործիքակազմի միջոցով վերլուծում ենք Հայաստանի շուրջ եւ կազմակերպության հետ Հայաստանի փոխհարաբերություններում ստեղծված իրավիճակը", - հավելել է Թասմագամբետովը ։
Միևնույն ժամանակ, նա փաստել է, որ Երևանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սակայն որևէ պաշտոնական դիմում չի ստացվել կազմակերպությանը Հայաստանի անդամության կասեցման մասին:
"Երևանն, իսկապես, վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք ՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ նորմատիվային բազային համապատասխան ։ Ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունը աշխատանքային ռեժիմով տեղեկացնում է Երևանում գործող համապատասխան կառույցներին: Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց հիշյալ հայտարարությունների վերաբերյալ նշեմ, որ քարտուղարություն Երևանից որևէ պաշտոնական դիմում չի ստացվել կազմակերպության անդամությունը դադարեցնելու մասին", - ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել էր, որ Երևանը կասեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Նա նաև չի մասնակցել Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ ՝ Փաշինյանի հայտարարությունները պարզաբանելու համար: ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Ռուսաստանն այդ կապակցությամբ Հայաստանից պարզաբանումներ է ակնկալում երկկողմ խողովակներով: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում արձանագրել են, որ ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, ինչը չի բխում բարեկամ հայ ժողովրդի շահերից, և կոչ են արել քննարկել և վերացնել մտահոգությունները հանգիստ, վստահելի երկխոսությամ: