Արմինֆո. Լրագրողական մի շարք կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով դատապարտել են ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելուն ուղղված իրավապահների գործողությունները և պարզաբանում պահանջել կառավարության աշխատակազմից՝ "Եռաբլուր" զինվորական պանթեոնում միջոցառումների լուսաբանման սահմանափակումների վերաբերյալ:
Հայտարարությունում հիշեցվում է, որ մարտի 5-ին Եռաբլուրում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վազգեն Սարգսյանի շիրիմին, խոչընդոտվել է այդտեղ գտնվող լրագրողների աշխատանքը։ «Պետական պահպանության ծառայության աշխատակիցները ոստիկանների հետ տարածքից հրելով հեռացրել են լրագրողներին ու օպերատորներին՝ պատճառաբանելով, որ նրանք հավատարմագրված չեն՝ միջոցառումը լուսաբանելու համար։ Լրագրողների փորձերը՝ գոնե հեռվից նկարահանում կատարելու, բախվել են կոշտ հակազդեցության ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից, որոնք այդ տարածքները համարել են իրենց ծառայության գոտի։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ այս արգելքը և դրա ձևական հիմք դարձած հավատարմագրման պահանջը արտառոց և անընդունելի երևույթ է, եթե հաշվի առնենք, որ խոսքը Եռաբլուրում տեղի ունեցող արարողության լուսաբանման մասին է։ Մենք մեր վրդովմունքն ենք արտահայտում և դատապարտում այս անհիմն սահմանափակումը։ Ուժային կառույցների բերած պատճառաբանությունները որևէ քննադատության չեն դիմանում, քանի որ ԶԼՄ-ները նախապես չեն տեղեկացվել հավատարմագրման անհրաժեշտության մասին, և այն ըստ էության չի կազմակերպվել։
Ելնելով վերոգրյալից՝ Կառավարության աշխատակազմից պահանջում ենք․
հրապարակայնորեն բացատրություն տալ կիրառված անհիմն արգելքի առնչությամբ, ինչպես նաև երաշխավորել, որ ապագայում նման գործելաոճը չի կրկնվի,
հանրային հետաքրքրություն ներկայացնող, լուսաբանման ենթակա ցանկացած պաշտոնական միջոցառում կազմակերպելիս բարենպաստ պայմաններ ստեղծել լրագրողների համար՝ բացառելով նրանց օրինական գործունեության որևէ խոչընդոտում», - ասվում է հայտարարությունում, որն ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ–Հայաստանը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ, Գորիսի մամուլի ակումբը: