Արմինֆո.Հայաստանի հետ սահմանին թշնամական ուժերի կուտակումներ չեն նկատվում։ Այդ մասին մարտի 5-ին "Եռաբլուր" պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանին՝ Սյունիքի ուղղությամբ թշնամու ուժերի կուտակմանը գնահատական տալու խնդրանքին։
Նա հավաստիացրել է, որ Հայաստանի ԶՈՒ ուշադիր հետևում են իրավիճակին, ԱՀ ԶՈՒ-ի տեղաշարժին, և կուտակումներ չկան: "Օպերատիվ իրավիճակը գնահատում եմ որպես համեմատաբար կայուն", - հավելել է Ասրյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին թշնամական ուժերը հերթական ագրեսիան էին ձեռնարկել Ներքին Հանդի մոտ գտնվող Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր 4 հայ զինծառայող:
Ինչ վերաբերում է Ներքին Հանդ գյուղին ադրբեջանական դիրքերի մոտ լինելուն, ԳՇ պետը որոշել է լրագրողներին պարզաբանել, թե ինչ է իրենից ներկայացնում շփման գիծը։ "Շփման գիծն այնպիսի կառույց է, որտեղ տեղակայված են ինչպես մեր, այնպես էլ թշնամու դիրքերը, և եթե հակառակորդն ունի 20 դիրք, ապա, հավանաբար, մեր կողմից դրանք նույնքան են, չեմ բացահայտի դրանց թիվը։ ՀՀ զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված խնդիրները", - ասել է նա։
Բարձրաստիճան զինվորականը նաև տեղեկացրել է, որ Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպի քննությունը չի ավարտվել, և հավելել է, որ պաշտպանական գերատեսչությունը հայտարարությամբ հանդես կգա, երբ գործընթացն ավարտվի:
Լրագրողի դիտարկմանը, թե ինչու թշնամական ուժերը հետ չեն մղվում Հայաստանի ինքնիշխան տարածքներից, բարձրաստիճան զինվորականն ասել է, թե չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ այն պետական գաղտնիք է պարունակում:
Ասրյանը չի պատասխանել նաև այն հարցին, թե ինչ խնդիրներ կան Ռուսաստանից զենքի մատակարարման առնչությամբ, և արդյոք ճիշտ է, որ պատերազմից հետո ՌԴ-ն չի կատարում մատակարարումների գծով իր պարտավորությունները: Նա կրկին հղում է արել պետական գաղտնիքին։ "Ես ՝ որպես զինվորական, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրավունք չունեմ այս իրավիճակում պատասխանել ձեր հարցին", - ասել է նա:
Հայաստանի գլխավոր շտաբի պետը լղոզված պատասխանել է նաև ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալու հնարավոր հետևանքների մասին հարցին: "Մենք դեռ ՀԱՊԿ - ից դուրս չենք եկել, իսկ պատասխանի մնացած մասն արդեն պետական գաղտնիք է պարունակում", - ասել է նա, հավելելով, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև ողջ փոխգործակցությունը մնում է միայն թղթի վրա, գործնական փոխգործակցություն չկա: