Արմինֆո. ՀԱՊԿ-ում մնալուց հրաժարվելը և ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա Հայաստանի համար: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Երևանը պետք է հստակ որոշում կայացնի՝ հանրապետությունը մնում է ՀԱՊԿ-ում, թե դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։
«Եվ այսպես, ինչպես և կանխատեսելի էր, ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձավ Փաշինյանի` ՀԱՊԿ-ում գործունեության սառեցման վերաբերյալ հայտարարությանը, նշելով, որ Հայաստանը պետք է հստակ կողմնորոշվի` մնում է՞, թե՞ հեռանում: Իհարկե այդ համատեքստում ՌԴ պաշտոնյան անուղղակի «տեղյակ պահեց», որ չմնալն ու, առհասարակ, ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը նաև հետևանքներ կունենա: Ենթադրաբար դա նշանակում է ՌԴ-ի` ՀՀ-ի նկատմամբ իրականացվող քաղաքականության վերանայումներ, ինչը նշանակում է քաղաքական, ռազմական համագործակցությունից մինչև տնտեսական:
Այնպես չէ, որ ՀՀ իշխանությունն այս դիսկուրսը նոր է ծավալում կամ դրա մեջ լրջություն դնում, հարցն այն է, որ ՌԴ-ն փորձում է վերջնականացնել հաշիվները` հասկանալու, թե սա սովորական շանտաժ է՞, թե՞ Հայաստանի նոր ընթացքը դեպի ԵՄ:
ՌԴ-ն սա անում է, որպեսզի հետագայում իր կոշտ հակազդեցությունը ՀՀ-ում և արտաքին աշխարհում ամբողջությամբ լինի ընկալելի, իսկ թե դրանք ի՞նչ հետևանքներ կունենան և ի՞նչ ծավալով կլինի, կախված է իրադարձությունների ընթացքից:
Ի՞նչ կանի այս իրավիճակում հայաստանյան իշխանությունը: Այո´, կգնա ամենավատ ճանապարհով` ինչպես նախորդ բոլոր կարևոր որոշումներում», - գրել է պատգամավորը:
Ավելի վաղ Անթալիայում կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Ռուսաստանն սպասում է, որպեսզի Երեւանն արդեն վերջնական որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ, եւ Հայաստանի իշխանությունները պետք է կողմնորոշվեն: