Արմինֆո. Ղազախստանում Հայաստանի դեսպանատանը՝ «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ գործակցաբար կազմակերպվել է հանդիպում Ղազախստանի գործարար համայնքի շրջանակների հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։
Ինչպես հաղորդում է Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը, բարձր գնահատելով երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների բազմապատիկ աճի՝ վերջին տարիներին դիտվող կայուն միտումը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն ընդգծել է փոխադարձ մատակարարումների շղթաների դիվերսիֆիկացմանն ու տեղեկատվական ուղեկցման ապահովմանն ուղղված քայլերի կարևորությունը։ Նշյալի համատեքստում ներկայացվել են Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպտի հիմնական դրույթները։
Իր հերթին՝ Ակումբի տնօրեն Կայրբոլատ Սախմետովը վերահաստատել է կազմակերպության անդամների հետաքրքրվածությունը հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության մասով գործնական ներգրավվածության հարցում։
Կայացած քննարկումների ընթացքում «KazakhExport», «Kazlogistics», ինչպես նաև մի շարք ինքնակարգավորվող կազմակերպությունների, ասոցիացիաների և տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչները ներկայացրել են փոխշահավետ գործընկերության ընդլայնման հեռանկարային ուղղությունների մասով իրենց տեսլականը։
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել երկխոսությունը շարունակելու մասով՝ հօգուտ տնտեսական ոլորտում Հայաստանի և Ղազախստանի համագործակցության ընդլայնման։