Արմինֆո. 2024 թվականի 8-րդ շաբաթվա (19.02.2024-25.02.2024թթ.) ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվության նվազում։ Ինչպես հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ), ակտիվության նվազումն արձանագրվել է հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում։
«Նշված ժամանակահատվածում արձանագրված սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1.1 անգամ, իսկ 2023թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ նույնքան բարձր է։ Ընդհանուր դեպքերի 72%-ը 0-18 տարեկան երեխաներ են։
Հանրապետությունում շարունակում են շրջանառել գրիպ Ա տեսակի H3N2 և H1N1 ենթատեսակները, այլ շնչառական վարակներից՝ պարագրիպի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, բոկավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ, ինչպես նաև գրանցվում են համակցված վարակներ, ինչպիսիք են՝ ռինովիրուսի և ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի, ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչներ։
Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման առաջնային առողջության պահպանման կազմակերպություն, ներկայում հանրապետությունում առկա գրիպի պատվաստանյութը պաշտպանում է գրիպի երկու Ա և երկու Բ ենթատեսակներից; հագնվե´ք եղանակին համահունչ; օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ; հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները; հաճախակի լվացե՛ք ձեռքերը; խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ երևույթներով հիվանդների հետ շփումից; եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը; հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ աշտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը; մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար; պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը», - ասվում է ՀՎԿԱԿ-ի հաղորդագրությունում։