Արմինֆո. Սոցիալիստական ինտերնացիոնալի խորհուրդը Արցախի հարցով բանաձեւ է ընդունել։ Այս մասին հայտնի է դարձել Սոցինտերնի խորհրդի նիստի արդյունքում։
Բանաձեւում, մասնավորապես, ասվում է. «Սոցիալիստական ինտերնացիոնալն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ ուղղված խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու համար նման համաձայնություն պետք է ձեռք բերվի առանց ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման՝ հիմնված միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի վրա՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգայնորեն հովանավորվող խաղաղ գործընթացը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների և անվտանգության լիարժեք իրացումը իր պապենական հողում:
Համաձայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության վերաբերյալ մեր երկարամյա սկզբունքային քաղաքականությանը, ինչպես նաև, հաշվի առնելով ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, որը Ադրբեջանին պարտավորեցնում է «ապահովել այն անձանց վերադարձը, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023թ․ սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանություն ունեն վերադառնալ Լեռնային Ղարաբաղ․ կարող են դա անել անվտանգ, անխոչընդոտ և արագ», ինչպես նաև հրաժարվել «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է հայերին
Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն», մենք կոչ ենք անում՝
1. Մինչև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների լիարժեք իրացումը՝ ապահովել ժողովրդի հավաքական, անկաշկանդ և անվտանգ վերադարձը հայրենիք։ Նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի համար միջազգային նորմերով երաշխավորված միջանկյալ կարգավիճակ ապահովել՝ երաշխավորելով քաղաքացիական և քաղաքական իրավունքների ողջ ծավալը, տրամադրելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության արդյունավետ երաշխիքներ, ինչպես նաև Հայաստանի հետ անխոչընդոտ ցամաքային կապ։
2. Ազատ արձակել ռազմագերիներին և կալանավորված անձանց։
3. Տարածաշրջանում տրանսպորտի և կապի այլ միջոցները ապաշրջափակել ամբողջական կերպով և համաժամանակյա՝ առանց ինքնիշխանության որևէ սահմանափակման։
Սոցինտերնը պատրաստ է աջակցել այդ գործընթացներին որպես միջնորդ՝ իր միջոցով և իր անդամ կուսակցությունների ու կազմակերպությունների մասնակցությամբ», - ասվում է բանաձեւում:
Նշենք, որ Սոցիալիստական ինտերնացիոնալը սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների միջազգային միավորում է։ Սոցինտերնը աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջանների քաղաքական կուսակցությունների խոշորագույն միավորումն է։ Եթե իր ստեղծման պահին այն ներկայացնում էր 34 կուսակցություն, 80-ականների կեսերին ՝ 77, ապա ներկայումս՝ 156 կուսակցություն և կազմակերպություն՝ աշխարհի 126 երկրներից, ինչը մի քանի անգամ գերազանցում է մոտակա մրցակիցների՝ պահպանողականների և լիբերալների ցուցանիշները։ Սոցինտերնի գործունեության գերակա ուղղություններն են քաղաքական, տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծումը: Գլխավոր ծրագրային փաստաթուղթը համարվում է "Սկզբունքների Ստոկհոլմի հռչակագիրը", որն առաջնային արժեքներ է հռչակում արդարությունը, ազատությունը, համերաշխությունը: Սոցինտերնի բարձրագույն մարմինը համագումարն է, որն անցկացվում է երեք տարին մեկ անգամ։