Արմինֆո.ԱՄՆ Սենատ ներկայացվել է օրինագիծ, որով առաջարկվում է կենսական մարդասիրական օգնություն տրամադրել խոցելի մարդկանց, որոնք տուժել են հակամարտություններից ողջ աշխարհում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Այս առումով նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ փետրվարի 13-ին Սենատը կարևոր գործողություններ է ձեռնարկել Ամերիկայի ազգային անվտանգության հիմնական շահերն առաջ մղելու ուղղությամբ՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունելով ազգային անվտանգության մասին լրացուցիչ համաձայնագիրը:
Սալիվանի խոսքով՝ երկկուսակցական այդ օրենսդրությունը թույլ կտա ԱՄՆ-ին շարունակել աջակցել Ուկրաինայի ժողովրդին, Իսրայելին կտրամադրի այն ամենը, ինչ անհրաժեշտ է ՀԱՄԱՍ-ից պաշտպանվելու համար, ռեսուրսներ կտրամադրի Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերին: "Ազգային անվտանգության մասին լրացուցիչ համաձայնագիրը նաև շարունակում է մեր կարևոր ներդրումները ԱՄՆ պաշտպանական-արդյունաբերական բազայում։ Այս օրինագծում առաջարկված ներդրումները մեզ թույլ կտան ամրապնդել մեր սեփական արտադրական հզորությունները, աշխուժացնել սուզանավերի մեր արդյունաբերական բազան եւ բարելավել մեր ռազմական պատրաստվածությունը", - նշել է նա։
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, իր հերթին, ճեպազրույցի ժամանակ պարզաբանելով, թե արդյոք ԱՄՆ Պետդեպարտամենտը լրացուցիչ ռեսուրսներ է փնտրում տուժածներին, այդ թվում' Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, աջակցելու համար, հաշվի առնելով Սալիվանի հայտարարությունը, նշել է, որ կան լրացուցիչ ռեսուրսներ, որոնք նշված են մարդասիրական օգնության լրացուցիչ հարցման մեջ: "Ես չեմ տեսել Ազգային անվտանգության խորհրդականի բոլոր դիտողությունները։ Ենթադրում եմ, որ սա այն է, ինչ նա նկատի ուներ: Բայց լրացուցիչ հարցումը, որը մենք առաջ ենք քաշել, եւ օրինագիծը, որն ընդունվել է Սենատի կողմից, ներառում են մարդասիրական օգնություն, որը կարող էր օգտագործվել Միացյալ Նահանգների կողմից ողջ աշխարհում հակամարտություններին հումանիտար արձագանքման համար", - ամփոփել է Միլլերը: