Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված բաժինն ԱԳՆ կայքից հեռացված չէ, և դրա բովանդակությունը կներկայացվի պատշաճ ժամանակ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անի Բադալյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված գերատեսչության պաշտոնական էջից Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին տեղեկատվության անհետացումը, արդյոք դա կարող է պայմանավորված լինել Բաքվի պահանջով:
Ընդ որում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը չի հստակեցրել, թե ինչ ժամանակային շրջանակներում է տեղավորվում "պատշաճ ժամանակ" ձևակերպումը: Միեւնույն ժամանակ, նա կոչ է արել "զերծ մնալ տեղեկատվական դաշտում այդ թեմայի շուրջ անհարկի շահարկումներից"։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և 44-օրյա պատերազմին առնչվող բաժինները դադարել են գործել ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում: Փորձագետները հակված են կարծելու, որ բաժինները հեռացվել են փետրվարի 11-ին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությունից հետո: Վերջինս, մասնավորապես, ասել էր, որ "Բաքվի համար վիճելի է նաև Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը, որտեղ ղարաբաղյան խնդրին նվիրված բաժնում ասվում է, որ Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է":