Արմինֆո. Բարձրագույն դատական խորհուրդն իր պաշտոնական էջով տարածել է իր աշխատակազմի` Դատական դեպարտամենտի անունից պարզաբանում` փորձելով պարտակել օրենքի կոպիտ խախտումը` կապված, ԲԴԽ-ի ձևակերպմամբ, «Ամենահայտնի քրեական գործերով» տեսանյութի հետ: Այդ մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի հայտարարության մեջ։
«Իրականում, ԲԴԽ-ն իրականացնում է դատական իշխանության հեղինակազրկում իր իրավասությունից ակնհայտորեն դուրս արարքներով` հանուն քաղաքական իշխանության շահերի: Առավել կոնկրետ`իր աշխատակազմ Դատական դեպարտամենտի միջոցով ԲԴԽ-ի երեկվա արարքը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմ: Այսինքն` կատարվել է այնպիսի արարք, որը չի բխում պաշտոնատար անձի լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին: Կոնկրետ դեպքում խոսքը վերաբերում է տեսանյութը պատրաստելու հանձնարարականին, այն պատրաստելուն և այդ գործընթացը ղեկավարելուն, որի արդյունքում էական վնասը պատճառվել է դատական իշխանության հեղինակությանը և անձի իրավունքներին ու օրինական շահերին, պետության օրինական շահերին` հօգուտ քաղաքական իշխանության շահերի: Փոխարենը` ԲԴԽ-ն զբաղված է անտեղի պարզաբանումներով` վկայակոչելով դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցումն այն պայմաններում, երբ յուրայինների նույն ու ավելի կոպիտ խախտումների դեպքում ոչ միայն պատասխանատվության միջոց չի ձեռնարկվում, այլ նրանք առաջխաղացումներ են ունենում», - հայտարարել է Թաթոյանը:
Ավելի վաղ ԲԴԽ-ը տեսանյութ էր հրապարակել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների, գեներալ Մանվելի և մի շարք այլ անձանց վերաբերյալ քրեական գործերի շուրջ ընթացող դատավարությունների մասին, որոնցում այդ գործերը վարող դատավորներին մեղադրել են մեղադրյալների օգտին գործընթացները միտումնավոր ձգձգելու համար: