Արմինֆո. Որպես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ չեմ կարծում, թե մշակութային հաստատությունները հուղարկավորություն կազմակերպելու լավագույն վայրն են։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով հարցին, թե ինչու արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանին վերջին հրաժեշտը տեղի չի ունենա Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ընդ որում, նա նշել է, որ դա ոչ մի կապ չունի անձի հետ: <Ցանկացած արվեստի վաստակավոր գործչի նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ՝ իմ դիրքորոշումն այն է, որ մշակութային հաստատությունները պետք է հեռու մնան նման արարողություններից>, - ասել է նախարարը։
Նշենք, որ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, "Կարին" երգի - պարի համույթի հիմնադիր, Արցախյան առաջին պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը մահացել է փետրվարի 6-ին՝ սրտի կաթվածից: Գինոսյանը <Ազատագրական բանակի> ջոկատի մարտիկ էր՝ Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ։ 1992թ. օգոստոսին ընդգրկվել է <Արծիվ մահապարտներ> հատուկ նշանակության գումարտակի կազմում: Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Բերձորի, Քարվաճառի ազատագրական մարտերին: Արվեստի վաստակավոր գործչին վերջին հրաժեշտը տեղի կունենա Կամերային երաժշտության տանը: Գագիկ Գինոսյանին կհուղարկավորեն "Եռաբլուր" զինվորական պանթեոնում: