Արմինֆո. Հայաստանում արտեզյան ջրերի ապօրինի օգտագործման համար քրեական պատասխանատվության կենթարկեն: Ազգային ժողովը փետրվարի 6-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է Ջրային օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի խոսքով՝ փաթեթի ընդունումը թույլ կտա կանխել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրերի ապօրինի օգտագործումը, որոնք կենտրոնական Հայաստանում ջրի միակ աղբյուրն են: Փաթեթով արգելվում է այդ նպատակով կոնսերվացված հորատանցքերի հորատումը կամ վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված պայմանների խախտմամբ ջրառը, ինչպես նաեւ Սեւանա լճից սիգի ապօրինի արդյունահանումը:
"Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին" օրենքի նախագծով տարբերակված վարչական պատիժներ են նախատեսվում մակերեսային եւ ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրերի ապօրինի օգտագործման դեպքերի համար, ինչպես նաեւ՝ փակ հորատանցքերի վերաբացման համար վարչական պատասխանատվության ուժեղացում: Գործող հոդվածների շարքում առանձնացվել են սիգին վերաբերող գործերը, և դրանց համար սահմանվել են պատասխանատվության ավելի խիստ միջոցներ:
Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսված լուծարված հորերի կրկնակի բացման կամ ստորերկրյա ջրային ռեսուրսներից առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորերի բացման համար, եթե դա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ տեղական համայնքներին պատճառել է խոշոր գույքային կամ այլ էական վնաս:
Քաղաքացիների կողմից սիգի ապօրինի արդյունահանման համար 150 հազար դրամը գերազանցող գումարը կհամարվի խոշոր վնաս և կհետապնդվի ՀՀ քրեական օրենսգրքի պահանջներին համապատասխան:
Փոխնախարարը նշել է, որ ներկայումս ուսումնասիրվում է 54 հորատանցքերի ապօրինի օգտագործմանն առնչվող հարցը: Անշարժ գույքի կադաստրի հետ համատեղ որոշվում է այն հողի պատկանելությունը, որի վրա կատարվել է հորատում, որին կհաջորդեն համապատասխան միջոցառումներ: