Արմինֆո. Հայաստանում կսահմանափակվեն քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի ցուցադրման ժամկետները։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի հունվարի 30-ի նիստում դրական եզրակացություն է տրվել "Տեսալսողական մեդիայի մասին"օրենքում ներկայացված փոփոխություններին:
Ներկայացված փաստաթղթի համահեղինակներից մեկի՝ ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի խոսքով ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մշակված օրինագծով առաջարկվում է սահմանափակել քրեական ենթամշակույթը գովերգող ֆիլմերի և տեսանյութերի ցուցադրման ժամանակը: Նման հաղորդումներն ու ֆիլմերը թույլատրվում է ցուցադրել գիշերվա 12-ից մինչև առավոտյան 6-ը: Այս միջոցը, ինչպես նշել է Հովհաննիսյանը, ուղղված կլինի հանցավոր միջավայրի ռոմանտիզմի քարոզչության բացառմանը, որը բացասական ազդեցություն է թողնում անչափահասների հոգեբանության եւ կենսակերպի վրա:
Հովհաննիսյանը նշել է, որ լիովին հնարավոր չէ սահմանափակել նման բովանդակությամբ ֆիլմերի եւ հաղորդումների ցուցադրումը, հատկապես, եթե նկատի ունենանք սոցիալական ցանցերը եւ արտասահմանյան հեռուստաալիքները: Ապագայում, հնարավոր է, բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ հաջողվի լուծել նաև այս խնդիրը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ իր տելեգրամյան ալիքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաղորդել էր, որ ներկայացված փաստաթուղթը հեռուստաէկրաններին խնդրի կարգավորման ուղղությամբ առաջին քայլն է: "Հետագայում չի բացառվում նման տեսանյութերի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների համար լրացուցիչ հարկային բեռի եւ օրենսդրական այլ նախաձեռնությունների ներդրումը", - նշել է խոսնակը: