Արմինֆո. "Արարատ" ակումբի թենիսի կորտերը Երևանի կենտրոնից կտեղափոխվեն "Մայր Հայաստան" հուշարձանի մոտ: Այդ մասին հաղորդվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի ասելով՝ որոշում է կայացվել Օղակաձև զբոսայգուց թենիսի կորտերը տեղափոխել "Մայր Հայաստան" հուշարձանի մոտ: Ավելի վաղ նախատեսվում էր հուշարձանին հարող ավտոկայանատեղիում ֆուտբոլի դաշտ կառուցել, սակայն քննարկումներից հետո քաղաքի իշխանությունները նպատակահարմար են գտել այնտեղ թենիսի կորտեր կառուցել: Արդեն առաջիկայում կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այդ առնչությամբ պարզաբանել է, որ ֆուտբոլի դաշտի նախագծի քննարկման ժամանակ ի հայտ են եկել որոշ տեխնիկական կետեր, և սպորտի վարչությունն այլ տարբերակներ է առաջարկել: Նա հավելել է, որ քննարկվում է "Միկա" մարզադաշտը քաղաքապետարանի հաշվեկշռին տեղափոխելու հարցը ՝ միջազգային մրցաշարեր անցկացնելու համար:
Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է նաև Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջանների աշխատակազմերից թենիսի կորտեր կառուցելու համար փաստաթղթերի ստացման մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի իշխանությունները հայտարարել էին Օղակաձև զբոսայգում Սայաթ-Նովա և Նալբանդյան փողոցների միջև գտնվող "Արարատ" ակումբի թենիսի կորտերը քանդելու ծրագրերի մասին: Թեման հասարակական լայն հնչեղություն է ստացել։ Քաղաքի բնակիչները հայտարարում էին, որ կորտերը գոյություն ունեն մի քանի տասնամյակ և հանդիսանում են Երևանի կենտրոնի անբաժանելի մասը: Դրանց փոխարեն քաղաքային իշխանությունները նախատեսում են կառուցել ծառուղիներ, հետիոտն ու հեծանվուղիներ ու շատրվաններ։ Այն ժամանակ Ավինյանը հայտարարել էր, որ քաղաքային իշխանությունները նպատակ չունեն լուծարել "Արարատ" ակումբը. այն այլ տարածք կստանա և կշարունակի իր աշխատանքը: