Արմինֆո.Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան տարածքի մասին տեղեկություն կունենա սահմանազատման եւ սահմանագծման գործընթացից հետո։ Այդ մասին հունվարի 25-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Հարցին, թե ինչ քարտեզների հիման վրա են իրականացվելու այդ գործընթացները, Թովմասյանը պատասխանել է, թե տվյալ իրավիճակում կարևոր է իրավական գնահատականը: Վերջինս, Թովմասյանի ասելով, կորոշի, թե հատկապես ինչ քարտեզներ կարելի է օգտագործել սահմանների սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելու համար։
Կոմիտեի ղեկավարն այդ աշխատանքների համար պատասխանատու է համարել աշխատանքային խմբին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ: <Աշխատանքային խմբում ընդգրկված են նաև իմ երկու տեղակալները։ Աշխատանքներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով։ Երբ կլինեն արդյունքներ, ձեզ անպայման կտեղեկացնեն այդ մասին", - ասել է Թովմասյանը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե երկիրը «կադաստրի վկայական» չունի, նա նշել է, որ, իր կարծիքով, կառավարության ղեկավարը նկատի է ունեցել, ընդամենը, այն, որ մեր սահմանները սահմանազատված չեն։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե մենք բոլորս ապրում ենք մի վայրում, որի համար կադաստրի վկայական չունենք: Նրա ասելով, եթե հաջողվի խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, ապա, իր բնորոշմամբ, մենք կստանանք այդ վկայականը: