Արմինֆո.Մարտունիում բժշկական կենտրոնի բացումից հետո նախատեսվածից ավելի շատ ժամանակ պահանջվեց դրա աշխատանքը սկսելու համար։ Այդ մասին հունվարի 18-ին հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա փորձել է պարզաբանել, որ բուժհաստատության բացումից հետո ժամանակ է պետք անձնակազմին, սարքավորումները, գույքը և այլն տեղափոխելու համար: Շրջանառվող մեղադրանքներին, թե առողջապահության նախարարը շտապել է բուժհաստատություն բացել, Ավանեսյանը հակադարձել է, նշելով, որ բուժհաստատության բացումից հետո անհրաժեշտ է նաև լրացուցիչ աշխատանքներ իրականացնել տեխնիկական, շինարարական աշխատանքների որակը հաստատելու ուղղությամբ:
Մարտունու բժշկական կենտրոնի լիարժեք աշխատանքի մեկնարկի հնարավոր ժամկետների մասին հարցին նախարարը դժվարացել է պատասխանել, տեղեկացնելով, որ այդ տեղեկությունները պետական գերատեսչությունն անպայման կհրապարակի:
Հիշեցնենք, որ "Մարտունի" բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացումը տեղի է ունեցել 2023թ. նոյեմբերի սկզբին ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ։ Բացման պաշտոնական արարողության ժամանակ նա նշել է, որ այս պահին Հայաստանի առողջապահական համակարգում շուրջ 100 մլն դոլարի ներդրում է կատարվել: Այդ բժշկական կենտրոնի բացմամբ, ըստ վարչապետի, տրվել է Հայաստանում առնվազն 50 բուժհաստատությունների կառուցման ավարտական փուլի մեկնարկը:
Նշենք, որ բուժկենտրոնում շրջայցի ժամանակ Փաշինյանը դիմել էր Ավանեսյանին, հարցնելով, թե արդյոք բուժկենտրոնն արդեն պատրաստ է ընդունել հիվանդներին, ինչին առողջապահության նախարարը դրական պատասխան էր տվել, նկատելով, որ արդեն մեկ շաբաթից բուժկենտրոնը լիարժեք կաշխատի:
Հիշեցնենք, որ Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի (մոտ 4720 քմ) շինարարական աշխատանքները սկսվել են 2020 թվականի հուլիսին ։ Արդիականացման աշխատանքների շրջանակում կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, գույքով: Ծրագրի շրջանակներում 2020 թվականի հունվարին ստեղծվել են հեմոդիալիզի և արյան փոխներարկման ծառայություններ։ Ծրագրի իրականացման արդյունքում միջազգային բոլոր ժամանակակից չափանիշներին համապատասխան նորակառույց բազմաֆունկցիոնալ կենտրոնը կսպասարկի մարզի բնակչությանը: Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման ծրագրով ներդրվել է շուրջ 3.3 մլրդ դրամ