Արմինֆո."Գոյ" թատրոնի (Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն) կոլեկտիվն անվստահություն է հայտնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2023թ. դեկտեմբերի 25-ին նշանակված թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Սիմոնյանին: Որոշումն ամրագրվել է թատրոնի ընդհանուր ժողովի ընդունած արձանագրությունում:
Մասնավորապես, ժողովը որոշում է կայացրել Կարեն Սիմոնյանին չճանաչել որպես թատրոնի տնօրենի պաշտոնակատար, քանի որ վերջինիս գործողություններն իրավաչափ չեն և չեն բխում ողջ կոլեկտիվի շահերից: Միաժամանակ, ժողովը որոշեել է ստեղծել կառավարման խորհուրդ, որի կազմում կընդգրկվի 9 անդամ՝ Սարգիս Արզումանյանը (նախագահ), Արթուր Սահակյանը, Սամսոն Ստեփանյանը, Սամվել Թոփալյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Էլիզա Մանթաշյանը, Գագիկ Գինոսյանը, Արա Գևորգյանը և Արա Սարգսյանը: Խորհրդի լիազորությունների ժամկետը սահմանվում է 5 տարի: Ընդունված արձանագրության համաձայն, խորհուրդն իրավասու է հաստատելու կազմակերպության գործունեության ծրագրերը, ներքին կարգավորող փաստաթղթերը, և իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենքին չհակասող այլ լիազորություններ:
Հիշեցնենք, որ երեկ Կարեն Սիմոնյանը ԿԳՄՍՆ-ում ստորագրել էր ՀՀ կառավարության որոշումը, համաձայն որի, "Գոյ" թատրոնը կընդգրկվի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կառուցվածքում: Այդ առնչությամբ կոլեկտիվը բողոքի ակցիա է անցկացրել պրոֆիլային գերատեսչության շենքի մոտ։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը նշել է, որ կոլեկտիվը մտադիր է պաշտպանություն փնտրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանություններում:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Արմեն Մազմանյանի անվան < Գոյ > բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնը ընդգրկել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում՝ որպես ստորաբաժանում: Սույն որոշման նախագիծ-հիմնավորման մեջ նշված էր, որ թատրոնի վերակազմակերպումը կնպաստի մասնագիտական ռեսուրսների կենտրոնացմանը և նշված կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կխթանի ֆինանսական ռեսուրսների ավելացումը: Որոշումը նպատակաուղղված է <Գոյ> թատրոնի ստեղծագործական ներուժի առավել արդյունավետ և նպատակային օգտագործմանը:-