Արմինֆո. Կովկասի բնության հիմնադրամը (CNF) 2023 թվականին իրականացրել է բազմաթիվ նախագծեր՝ ուղղված Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանն ու պահպանությանը:
Ինչպես հաղորդում է CNF-ի մամուլի ծառայությունը, ընդհանուր առմամբ, Հայաստանում աջակցություն է ցուցաբերվել 1 միլիոն 83 հազար եվրոյի շրջանակներում, որից 803 հազար եվրոն հատկացվել է անմիջականորեն պահպանվող տարածքների աջակցությանը: Այդ գումարից համապատասխան հատկացումներ են արվել 4 ՊՈԱԿ-ների և "Արփա" պահպանվող համայնքային լանդշաֆտին: Մասնավորապես, 336 000 եվրո է հատկացվել "Զանգեզուր" կենսոլորտային համալիրին, 133 000 եվրո ՝ "Խոսրովի անտառ" պետական արգելոցին, 184 000 եվրո՝ "Դիլիջան" ազգային պարկին, 55 000 եվրո ՝ "Արփի լիճ" ազգային պարկին, և 95 000 եվրո՝ "Արփա" պահպանվող լանդշաֆտին։
"2024 թվականը հոբելյանական տարի էCNF-ի հայաստանյան ներկայացուցչության համար։ Նշվելու է Հայաստանում գործունեության 15-ամյակը, ինչը նշանակում է, որ նոր ու հետաքրքիր ծրագրերն ավելի շատ կլինեն: Մեր առաքելությունը նույնն է. նպաստել Հայաստանի եզակի կենսաբազմազանության պաշտպանության ուժեղացմանը և պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանը", - ասվում է CNF-ի հաղորդագրությունում: