Արմինֆո. Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (բուք է) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի։
Ծիլքար-Սպիտակի ոլորանների սկզբնամասը և Ծաղկահովիտ-Ծիլքար, Գորայք-«Զանգեր», Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սպիտակի և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար: Գեղարքունիքի մարզի, Տիգրանաշենի ոլորաններում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շինուհայր գյուղում բուք է», - ասվում է հաղորդագրությունում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։