Արմինֆո. Գյումրիի Բարեկամության զբոսայգում դեկտեմբերի 24-ից կսկսի գործել բացօթյա սահադաշտը: Սահադաշտը այցելուների համար բաց կլինի մինչև մարտ ամիս՝ երեքշաբթիից կիրակի՝ ներառյալ, ժամը 15:00-ից մինչեւ 22: 00:
Սահադաշտը Գյումրիում գործում է արդեն երկրորդ տարին. նախորդ ձմեռային սեզոնին այն այցելել է ավելի քան 4000 հյուր: Բարեկամության այգու վերանորոգումը սկսվել է 2021 թվականի աշնանը։ 2023 թվականի փետրվարին տեղի է ունեցել սահադաշտի և Վերնիսաժի բացումը, որտեղ ներկայացված էին
գյումրեցի նկարիչների և արհեստավորների աշխատանքները: Այգու մնացած տարածքների գործարկումը
տեղի կունենա աստիճանաբար, վերջնական նորացված այգու տարածքի բացումը նախատեսված է 2024 թվականին։ Այս սեզոնին սահադաշտը սոցիալական ակցիա է իրականացնում "Բաբո" մարդասիրական ճակատի աջակցությամբ: Բարեգործական այս նախաձեռնությունն օգնում է տեղահանված արցախցիներին ։ Բացման օրը այգին սահադաշտի տոմսեր կնվիրի արցախցի 150 ընտանիքների։
Վերնիսաժի տաղավարների և սահադաշտի շինարարությունն իրականացվել է Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի (TUF) կողմից, որի համահիմնադիրն է Ռուբեն Վարդանյանը: Շինարարությունն իրականացվել է Եվրոպական միության բիզնեսի համար նախաձեռնության "Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար" ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի և BMZ-ի կողմից և իրականացվում է Գերմանական զարգացման համագործակցության ընկերության (GIZ) կողմից: