Արմինֆո. Այսօր հերթական նիստում ՀՀ հառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ծնողին մինչև երեք տարեկան երեխայի խնամքն իր բնակության վայրում չհաշվառված անձի՝ դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության միջոցով կազմակերպելու հարցում։
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, 2022 թ. հունվարին հաստատված որոշման համաձայն՝ մարտական գործողությունների ժամանակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերածների ծնողները հնարավորություն պետք է ունենային վերարտադրողականության բուժօգնության և փոխնակ մոր ծառայության միջոցով երեխա ունենալ: Այդ երեխաների խնամքն արդյունավետ կազմակերպելու նպատակով ԱՍՀՆ-ն առաջարկում է դա կազմակերպել դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությունների միջոցով:
Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախատեսում է 104 հազար դրամի սահմաններում տրամադրել աջակցություն, որպեսզի խնամքի ծառայությունները դայակի և նախադպրոցական հաստատության միջոցով կազմակերպվեն:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե քանի՞ ընտանիքում են նման երեխաներ ծնվել, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը տեղեկացրել է, որ սկսած 2021 թվականից՝ զոհված զինծառայողների ընտանիքներում ծնվել է 54 երեխա, որից ծրագրի շահառու է 32-ը: Մյուսները բուժման տարբեր փուլերում են, կան նաև հղի կանայք:
Գործադիրի ղեկավարը նշել է, որ նախքան ՀՀ կառավարության նիստի մեկնարկը հարցի վերաբերյալ քննարկում է ունեցել, որի շրջանակում պարզվել է, որ նախագծում սահմանափակում կա, ըստ որի գումարը չի կարող ստանալ անձը, որը երեխայի հետ նույն հասցեում է բնակվում: Վարչապետի կարծիքով՝ այդ սահմանափակումը պետք է հստակեցվի, քանի որ կարելի է թույլ տալ, որ երեխայի դայակ լինի նաև ընտանիքի անդամը, օրինակ՝ տատիկը: «Մեր շահառուն երեխան է, մենք ուզում ենք, որ երեխայի համար հնարավորինս լավ պայմաններ ստեղծենք, և եթե հանգամանքն այնպիսին է, որ երեխայի հարազատներից մեկը պետք է այդ գործառույթն իրականացնի, ի՞նչն է վատ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, առնվազն այս դեպքում կարող են բացառություն անել:
Վարչապետն ընդգծել է, որ երբեմն նման սահմանափակումների հետևանքով մարդիկ չեն կարողանում օգտվել նախագծերից և որոշումներ կայացնելիս՝ անհրաժեշտ է հասկանալ, մարդիկ օգտվո՞ւմ են այդ ծրագրերից. «Որոշումները մենակ զեկույցներում գրելու համար չենք ընդունում, այլ՝ մարդկանց կյանքը լավացնելու»։