Արմինֆո. Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխադարձ հետաքրքրությունը, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու անհրաժեշտությունը:
Վարչապետ Փաշինյանը Ղազախստանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստանի Հանրապետություն: Ղազախստանի նախագահն ընդունել է հրավերը:
Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, զրույցի ընթացքում նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է երկկողմ հարաբերությունների առաջանցիկ զարգացումը, որոնց ամրապնդմանը նպաստում է ակտիվ քաղաքական երկխոսությունը և փոխգործակցությունը երկու պետությունների կառավարությունների և խորհրդարանների մակարդակով: Դինամիկ զարգանում է մշակութային և հումանիտար համագործակցությունը:
«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դրական է գնահատել Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով ավիաչվերթների գործարկումը, ինչի շնորհիվ զգալիորեն ակտիվացել են գործարար շփումները և զբոսաշրջային ուղևորությունները:
Զրուցակիցները քննարկել են շփումների ընդլայնման հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, լոգիստիկան եւ առեւտուրը", - ասվում է հաղորդագրությունում: