Արմինֆո. Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, "ՄԱՊ" գինու-կոնյակի գործարանի սեփականատեր Ալեքսան Պետրոսյանի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքի ու միջոցների բռնագանձում՝ ՀՀ-ի օգտին:
Մասնավորապես, վերահսկողական մարմնի հաղորդագրության համաձայն, բռնագանձման ենթակա են. Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող արտադրամասը; Արմավիրի մարզի Արտամետ գյուղում 2 հողամաս; Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում 4 հողամաս; Արմավիրի մարզի Լենուղի գյուղում ՝ 2 հողամաս; Ալեքսան Պետրոսյանին պատկանող «ՄԱՊ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի 60,9 տոկոսը կամ թվով 19.914 հատ բաժնետոմսերը; 61 մլն 93 հազար 284 դրամ գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել; 1 մլրդ 298 մլն 273 հազար 905 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտի մնացորդ։
Հիշեցնենք, որ Ալեքսան Պետրոսյանը, ով ավելի շատ հայտնի է "ՄԱՊ-ի Ալիկ" մականվամբ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարն օրինականացնելու քրեական գործով ֆիգուրանտ էր: Ալեքսան Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և 2019 թվականի դեկտեմբերի 27-ին այն մուտքագրվել է դատարան: 2020 թվականի հունվարին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Պետրոսյանին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։