Արմինֆո.Երևանի քաղաքապետարանի նոր նախաձեռնությունն ուղղված չէ մայրաքաղաքի բյուջեում լրացուցիչ եկամուտների ստեղծմանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ դեկտեմբերի 1-ին կայանման վճարի 13-ապատիկի չափով բարձրացման հարցի քննարկման ժամանակ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին քաղաքապետարանը հայտարարել էր, որ մտադիր է բարձրացնել մայրաքաղաքի ավտոկայանատեղերի վճարի տարեկան 12 հազար (30 դոլար) դրույքաչափը մինչեւ 160 հազար դրամ (400 դոլար): Մայրաքաղաքի իշխանությունները նախատեսում են կայանման վճարի դրույքաչափեր սահմանել գոտիավորման սկզբունքով։ 2024 թվականի հունվարի 1-ից Երևանում առաջարկվում է սահմանել Ա և Բ գոտիները:
Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը. յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ; յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ; մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ; մեկ ամսվա համար՝ 18000 դրամ; մեկ տարվա համար՝ 160 000 դրամ՝ գործող 12 հազար դրամի դիմաց: Մնացած հատվածներում՝ Բ գոտում, յուրաքանչյուր 1 ժամվա համար կսահմանվի 200 դրամ; յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 1000 դրամ; մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ; մեկ ամսվա համար՝ 4000 դրամ; մեկ տարվա համար՝ 24000 դրամ:
Սուրեն Գրիգորյանը քննարկման մասնակիցներին վստահեցրել է, որ նախաձեռնության նպատակը ոչ թե հավելավճարներ ստանալն է, այլ՝ փոքր կենտրոնի բեռնաթափումը: Ինչպես նշել է քաղաքապետարանի ներկայացուցիչը, ներկայում շատերը, հատկապես, երեկոյան ժամերին նախընտրում են քաղաքի կենտրոն գնալ անձնական մեքենայով, ինչը հանգեցնում է բազմաթիվ խցանումների: Հնարավոր է, որ նախագծի ընդունումից հետո որոշ մեքենաների տերեր իրենց մեքենաներից տեղափոխվեն հասարակական տրանսպորտ։ Դրանով իսկ իշխանությունները կհասնեն իրենց հիմնական նպատակին՝ բեռնաթափել Երևանի կենտրոնը։
Հիշեցնենք, որ Երևանի, այսպես կոչված, "կարմիր գծերի"՝ վճարովի կայանատեղիների դեմ պայքարը "թավշյա հեղափոխության" ուղղություններից մեկն էր՝ նախկին իշխանությունների քաղաքականությունից զանգվածային դժգոհությունը կազմակերպելու և ընդլայնելու համար։
Փոխքաղաքապետը, սակայն, չի խորացել այն հարցի մեջ, թե ինչու քաղաքացիները չեն օգտվում հասարակական տրանսպորտից, փոխարենը՝ տեղափոխվում են մասնավոր մեքենաներ: Իսկ խնդիրն այն է, որ չնայած հասարակական տրանսպորտի հաջող բարեփոխման մասին քաղաքային իշխանությունների հավաստիացումներին, դրա աշխատանքն անմխիթար է մնում։ Այդ բարեփոխումների շրջանակում տրանսպորտային շատ երթուղիներ դադարել են գործել, մի քանի գծեր միավորվել են մեկի մեջ, արդյունքում՝ արդեն ձևավորված նոր երթուղիների ծանրաբեռնվածությունը մեծացել է։ Իսկ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ, լավագույն դեպքում, ավտոբուսները երթևեկում են 15 րոպե ընդմիջումով, ապա ստացվում է, որ պիկ ժամին քաղաքացիները, պարզապես, չեն կարողանում օգտվել իրենց ավտոբուսից՝ լեփ-լեցուն լինելու պատճառով։
Համանման իրավիճակ է նաև մետրոյում, որտեղ պիկ ժամին 2-3 վագոններով գնացքների ժամանման միջակայքը 7 րոպե է։ Արդյունքում՝ ուղևորները երբեմն ստիպված են լինում բաց թողնել 3-4 գնացք՝ նախքան մետրոյից օգտվելը։ Այդ խնդիրն օրեր առաջ բարձրաձայնել է նաև ընդդիմադիր "Մայր Հայաստան" խմբակցությունը՝ տրամադրելով նաև մետրոպոլիտենի անմխիթար գործունեության տեսաապացույցներ։