Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հարցը մնում է չլուծված։ Այդ մասին նոյեմբերի 29 - ին լրագրողներին հայտարարել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ով հրավիրվել էր ցուցմունք տալու 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովում։
Բաբայանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել և չի կարող լուծվել ոչ մի ժամանակահատվածում: Հարցին, թե՝ ինչպես է պատկերացնում այդ հարցի լուծումը, Սամվել Բաբայանը պատասխանել է, թե ժամանակին առաջարկել է կոմիտե ստեղծել: "Բայց, քանի որ Ղարաբաղի իշխանությունները, հավանաբար, ունեն իրենց տարբերակները, իսկ Հայաստանի ընդդիմությունը կարծում է, որ ես միջամտում եմ իրենց ծրագրերին, ուստի, ես ձեռնպահ մնացի դրանից։ Մենք շատ խելացի ընդդիմություն ունենք, ես չէի ուզենա նրանց խանգարել, իրենք իրենց ծրագրերն ունեն, իրենք տեսնում են ապագան՝ ուր են գնում, ինչ են անում", - հեգնանքով նկատել է Բաբայանը։ Նա հավելել է, որ Արցախի կորստի և Ադրբեջանին հանձնելու համար մեղավոր են բոլորը, այդ թվում, Հայաստանի իշխանությունները ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ընդ որում, քաղաքական գործիչը մեղավորների թվին է դասել նաև լրագրողներին, և ողջ հասարակությանը։
Բաբայանը հայտարարել է նաև, որ հայտնի իրադարձություններից հետո ինքը չի հանդիպել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ և տեղյակ չէ Ղարաբաղի ղեկավարության որևէ մտադրության մասին:
Պատասխանելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին առաջին անգամ չմասնակցելու պատճառների մասին հարցին՝ նախկին հրամանատարը նշել է, որ նախկինում առաջարկել է ուսումնասիրել վերջին 20 տարիների իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ, սակայն հանձնաժողովի անդամները հրաժարվել են: Իսկ հիմա նա եկել է նիստին, քանի որ իրեն հրավիրել են։ Բաբայանը հայտարարել է, որ չի խուսափի հարցերից և պատրաստ է անկեղծ պատասխանել